Հաճախորդներ բոլոր կուսակցությունների, միացե´ք

- in Վերլուծական
HHK

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նամակ է գրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար – նախարար Դավիթ Հարությունյանին՝ իշխանությանն առաջարկելով Ընտրական օրենսգրքի շուրջ նստել բանակցությունների:

Սա, ըստ էության, ՀԱԿ – իշխանություն երկրորդ երկխոսությունն է և երկուսն էլ խորհրդարանական ընտրություններից առաջ: Առաջինը` 2012 թ. խորհրդարանականից առաջ էր, որի արդյունքում հանրության ընդդիմադիր հատվածից շատերը հիասթափություն ապրեցին ՀԱԿ-ից, որի արդյունքում էլ, ճիշտ է, ըստ պաշտոնական տվյալների, ՀԱԿ դաշինքը հազիվ հաղթահարեց 7 տոկոսի սահմանն ու սկզբում 7 պատգամավոր ունեցավ 5-րդ գումարման գործող խորհրդարանում: Դրանից հետո իհարկե Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանն, այնուհետև` Լյուդմիլա Սարգսյանն, ըստ էության, դուրս եկան ՀԱԿ-ից: Նրանցից յուրաքանչյուրն այլ կուսակցության առաջնորդ է:

Այս անգամ իշխանությունների հետ ՀԱԿ-ի երկխոսության առաջարկը պարզապես մի փոքր այլ ձևաչափով և այլ օրակարգով է: Նախորդ անգամ բանակցություններն ընթանում էին իբրև թե արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների շուրջ: Երկրորդ անգամ երկխոսության առաջարկն ինչպե՞ս կընդունի քաղաքական հանրությունը` կերևա առաջիկայում: Գուցե ՀՀԿ-ականները երկխոսության պատրվակն օգտագործեն և խնդրեն խորհրդարանական ՀԱԿ-ականներին միջնորդ հանդիսանալ, որ նրանց առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դասախոսի ՀՀԿ-ում բացվելիք քաղաքական դպրոցում:

Դրա համար արդեն որոշումը կայացված է։ ՀՀԿ-ն որոշել է հիմնել ՀՀ նախկին և երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոց, որտեղ ՀՀԿ անդամներն, ըստ ամենայնի, կրթելու են ապագա ՀՀկ-ականներին։ Նոր դպրոցը թերևս կոչված է սպասարկելու ՀՀԿ-ի ներսում ձևավորված թևերի համերաշխությանն ու նախընտրական տարում հասունացող ներկուսակցական կարևոր ջրբաժանին, գուցե նաև՝ սերնդափոխությանը:

Ամենակարևորներից կլինի թերևս, որ ապագա քաղաքական գործիչ, ենթադրվում է ՀՀԿ-ականներին սովորեցնեն, թե ինչպե՞ս վարվել հաճախորդների հետ, ինչպե՞ս նրանց մշտապես պահել կախվածության վիճակում և օգտագործել, ինչպե՞ս իրար դեմ հանել միմյանց, կազմաքանդել կուսակցություններն ու քաղաքական – քաղաքացիական շարժումները: Այլ բանի, ըստ էության, ՀՀԿ-ում պատրաստ էլ չեն, և դա է ապացուցում նրանց կառավարման տարիների գործունեության արդյունքը քաղաքական առումով:

Հետաքրքիր պատկեր կարող է ստացվել նաև ՀՀԿ քաղաքական դպրոցում պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության առումով: Հետաքրքիր է, թե դասավանդվող թեմաների արանքում նոր «աշակերտները» հարց կբարձրացնե՞ն այն մասին, թե ինչո՞ւ կիրթ չեն ՀՀԿ-ական առանձին պատգամավորներ Թոխմախի` Մհեր Սեդրակյանը, գեներալներ` Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը, գործարարներ` Սամվել Ալեքսանյանն ու Արտակ Սարգսյանը, ինչո՞ւ են, ինչպես ժողովրդական առածն է արձանագրում, «բերանը ջուր առած սարի անասուններ» շատ ու շատ պատգամավորներ, որոնց ձայնն անգամ այսքան տարիների ընթացքում չի լսվել խորհրդարանում, իսկ այն, հիշեցնենք, քաղաքական ամենաբարձր ամբիոնն է:

Վերադառնանք ձևակերպումներիս սկզբին, հետաքրքիր է, թե ի՞նչ կպատասխանեն ՀԱԿ-ի նամակին Գալուստ Սահակյանը, Հովհաննես Սահակյանն ու Դավիթ Հարությունյանը: Մեկը մեկին նման, մեկը մեկին կրկնօրինակ մեր քաղաքական արենայում` բոլորը նախապես իմանալով, որ ամեն բան որոշվում է Բաղրամյան 26-ում նստածի կողմից, սակայն դեռ մնացել են «Նամակ ռուսաց թագավորին»-ի կարգավիճակում: Հավատացած եմ, որ շատերը կարձագանքեն, թե անկախ ամենից փորձում են քաղաքակիրթ ճանապարհով խնդիրները լուծել, սակայն քաղաքավարության վնասներից է նաև այն, որ արենայի վազորդները հենց քաղաքավարի ժպտալով էլ անում են իրենց սև գործն ու հերթական անգամ` 2017 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ հիասթափեցնելու են հանրությանն ու ավելացնելու արտագաղթողների թիվը:

Հաճախորդներ, բոլոր կուսակցությունների, միացե´ք: Ժամանակն է գույները տարանջատելու, որպեսզի գոնե այս խորհրդարանական ընտրություններից առաջ, որը միակն է լինելու համապետականներից, որին այլևս չի հաջորդելու ՀՀ նախագահական ընտրությունները, այլ ընտրվելիք պատգամավորներն են այլևս ընտրելու երկրիս վարչապետին, ով էլ գլխավորն է ու ՀՀ նախագահին, ով իբրև թե անգլիական թագուհու կարգավիճակ պետք է ունենա, հասկանալի լինեն բոլոր ընտրվել և ընտրվող ցանկացողները, «դաբրո» ստացածներն ու  … չստացածները:

Մի բան հստակ է, իշխանությունը կառչել է Ընտրական օրենսգրքում ընտրացուցակները չհրապարակելու որոշումից, ու այն որևէ կերպ չի զիջելու ընդդիմությանը: Դրա համար է, որ բազմաթիվ այլ խութեր են թողնվել ԸՕ-ում, որոնք «բարեհոգաբար» զիջում ու փոխում են` արտաքուստ ընդդիմության պահանջով, որպեսզի այդպիսով կարողանան ֆռռացնել նաև միջազգային կազմակերպություններին, ԺՄԻԳ-ին ու անցկացնեն իրենց համար ամենագլխավորը` չվտանգեն ընտրությունները կեղծող յուրայիններին:

Ահա այս ամենի համատեքստում է, որ ոտքի տակ են գնում նամակագիրներն ու կանխորոշված խաղադրույքներում ներկայանում Ա4 ֆորմատի թղթերով, ցավոք:

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20