Հայաստանը պետք է մեծացնի դերը տարածաշրջանում՝ մեծ դերակատարներին հետաքրքիր դառնալու նպատակով

- in Կարծիք
Hayastan EM

Ստեղծվող նոր իրավիճակում զարգացման և անվտանգության ապահովման համար Հայաստանին անհրաժեշտ է գրավել Արևմուտքի ուշադրությունը՝ նորամուծություններ ու նոր լուծումներ առաջարկել, «Ամերիկայի Ձայն»–ի հաղորդմամբ՝ համոզված են ամերիկացի վերլուծաբանները:

«Միացյալ Նահանգներում և ընդհանրապես Արևմուտքում մարդկանց մեծամասնությունը ցանկանում է Հայաստանը բարգավաճող տեսնել, քանի որ Հայաստանին դրական են վերաբերվում»:

Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսի խոսքով, երկրին անհրաժեշտ է առաջին հերթին բարելավել կառավարման ոլորտն ու բարեփոխումներ իրականացնել, որոնց թվում դեսպանը նշում է սահմանադրական բարեփոխումների ընդունումը.

«Միգուցե, դա կամրապնդի քաղաքական կուսակցությունների համակարգը և կառավարության վարկանիշը կբարձրանա քաղաքացիների աչքերում»:

Կառավարման բարելավումն ու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը Հայաստանի առաջնահերթ նպատակներն են՝ հաջողության հասնելու համար, համոզված է Գերմանական Մարշալի Հիմնադրամի վերլուծաբան Ջոշուա Ուոքերը.

«Հայաստանը պետք է իրական առաջարկներ դնի սեղանին, նո՛ր գաղափարներ առաջարկի, առաջ բերի նո՛ր սերնդի առաջնորդներ»:

Վերլուծաբանի խոսքով, Հայաստանին անհրաժեշտ է նաև մեծացնել սեփական դերը տարածաշրջանում՝ մեծ դերակատարների համար հետաքրքիր դառնալու նպատակով.

«Դա ներառում է Ռուսաստանի և այլ գործընկերների հետ աշխատանքը՝ Իրանի նոր դերից շահեր քաղելու միջոցներ հայթայթելու նպատակով»:

Տնտեսական խնդիրներից և արտագաղթը կանխելուց բացի, Հայաստանը որոշ անելիքներ ունի նաև արտաքին ասպարեզում, համոզված է «Ամերիկյան ձեռնարկատիրություն» հաստատության վերլուծաբան Մայքըլ Ռուբինը:

«Այսպիսով, Արևմուտքի ուղղությամբ, հիմնական նպատակների հետ միասին, Հայաստանն ունի դիվանագիտական ևս մեկ նպատակ, այն է՝ ներկայանալ որպես ինքնուրույն ուժ, որը Մոսկվայից կախվածության մեջ չէ»:

ԱՄՆ-ի նախկին դեսպան Էվանսն այս խնդրին այլ կերպ է նայում.

«Հայաստանը իր անվտանգությունն ապահովելու հարցերում ստեղծված իրավիճակում ստիպված է հենվել Ռուսաստանի վրա, այնպես որ, տարածաշրջանին ծանոթ մարդիկ նման սերտ համագործակցությանն ըմբռնումով են մոտենում»:

Կարևորն այն է, ընդգծում է դեսպանը, որ Հայաստանը եղել և մնում է ԱՄՆ-ի սերտ դաշնակիցը և չի փոխել ժողովրդավարության զարգացման ուղղվածությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20