Հայաստանում երեք մարդ ձերբակալվել է ԵՄ գրասենյակի դրամաշնորհից խոշոր չափերի գումար հափշտակելու կասկածանքով

Dolar

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է երեք անձ` ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու կասկածանքով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական քննությամբ պարզվել է, որ Տիգրան Սուքիասյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Գևորգ Ղազարյանը, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով, 2012 և 2013 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով «Մարտունու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպության անունից մշակել են «Հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիք» անվամբ կեղծ ծրագիր և դրա շրջանակներում գործողություններ կատարելու պատրվակով ստացել և հափշտակել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհի առանձնապես խոշոր չափերի գումարներ։

Նկարագրված արարքները կատարելու կասկածանքով 2016 թվականի մարտի 22-ին Տիգրան Սուքիասյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը և Գևորգ Ղազարյանը ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բազմածավալ քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20