Հայաստանում էր ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

- in Պաշտոնական
Nato

Մարտի 14-ից 17-ը հերթական այցով Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձևավորված և ՆԱՏՕ-ի ու ԳհԽ կոնսորցիումի հովանու ներքո գործող «Պաշտպանական կրթության զարգացման» խումբը, որում ընգրկված էին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի, Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետները:

Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ փոխգործակցությանը ներգրավվել էին ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, Մարշալ Արմեն Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների և Ենթասպաների դպրոցի ղեկավար և փորձագիտական կազմերը:

Այցի նպատակն էր ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների և պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության հետ 2015թ. համագործակցության ծրագրերի ամփոփումն ու փոխգործակցության հետագա ուղիների համաձայնեցումը:

ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած քննարկումներում հայկական կողմը ներկայացրեց պաշտպանական կրթության ոլորտում և ռազմական ուսումնական հաստատություններում կյանքի կոչված բարեփոխումների վերոբերյալ զեկույցներ: Շեշտը դրվեց նոր մեկնարկած դասընթացների, ուսումնական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, դասավանդման նոր մեթոդաբանության, ինչպես նաև ոլորտի բարեփոխումներին սատարելուն միտված օրենսդրական նախաձեռնությունների և բարձրագույն ռազմական կրթության համաեվրոպական Բոլոնյան գործընթացի դրույթները կյանքի կոչելու հարցերի վրա: Նմանատիպ զեկույցով հանդես եկավ նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչը:

Մարտի 15-ից 17-ը կազմակերպվեցին միջազգային խորհրդատվական խմբի այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ և հանդիպումներ կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: Վ. Սարգսյանի անվան ռազմական, Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտներում և Ենթասպաների դպրոցում ներկայացվեց խորհրդատվական խմբի օգնությամբ մեկնարկած առանձին նախագծերի ընթացքը, առաջիկա տարիների համագործակցությունը զինված ուժերի կարիքներին լավագույնս համապատասխանեցնելու նկատառումները: ՀՀ ՊՆ Հրամանատարաշտաբային դասընթացների ունկնդիրների համար խորհրդատվական խումբը ներկայացրեց զեկուցում «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» թեմայով` մտասևեռվելով օպերատիվ մակարդակում դրա կենսագործման հարցերի վրա:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հաստատության ղեկավարը և ուսումնական գործընթացի ու հետազոտական մասի պատասխանատուները ներկայացրեցին Դ.Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հենքի վրա համալսարանի կերպափոխման գործընթացը, համալսարանի առաքելությունը, նպատակն ու հիմնական խնդիրները: Նշվեց նաև, որ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում զգալի տեղ է հատկացվում կիբեռանվտանգության ոլորտում ռազմավարական հետազոտություններին:

Խորհրդատվական խմբի այցն ավարտվեց մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ կայացած հանդիպմամբ, որի ընթացքում խորհրդատվական խումբը տեղեկացրեց այցի արդյունքների մասին: Կողմերը համաձայնեցրեցին 2016թ. և անդին հայկական ռազմաուսումնական հաստատությունների հետ խորհրդատվական խմբի համագործակցության կոնկրետ ծրագրեր և ուղենիշներ: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն հայտնեց Հայաստանում պաշտպանական կրթության բարեփոխումների ջանքերին միջազգային խորհրդատվական խմբի զգալի և շարունակական աջակցության համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20