Հայկական էլիտայի գող կանայք

- in Կեղտոտ լվացք
Axjik

Վերջերս հայկական մամուլում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ Երեւանի էլիտար մարզա-առողջարանային համալիրից հաճախ գողություններ են լինում՝ սրբիչների, հողաթափերի, այլ պարագաների:

Այդ համալիր են այցելում հիմնականում հայկական «էլիտայի» կին ներկայացուցիչները, իսկ համալիրի տնօրինությունը չի ցանկանում ավելորդ աղմուկ հանել եւ հանդուրժում է դա:

Բարձրաստիճան պաշտոնյաների գույքի ու եկամուտների հայտարարագրերից պարզ է դառնում, որ նրանց ունեցվածքի մի զգալի մասը «գրված» է կանանց անունով, նրանք հաճախ բազմամիլիոնանոց «նվիրատվություններ» են ստանում: Դե, սովորել են իրենց «տուն պահող» տղամարդկանցից, որոնց ամեն առավոտ աշխատանքի ճանապարհելիս երեւի ասում են՝ «դատարկ հետ չգաս», «մենք ումից ենք պակաս», եւ այլն:

Որեւէ պետության, հանրության ուժը եւ որակները մեծ հաշվով կախված են նրա էլիտաների բնույթից ու մոտիվացիայից: Դրանով է ի վերջո որոշվում տվյալ պետության արդյունավետությունը, զարգացումը, տեղն ու դերն աշխարհում:

Եվ այստեղ ահռելի է, եթե ոչ վճռական, կանանց դերը: Նրանք են որոշում հանրային բարոյականության սանդղակն ու արժեհամակարգը: Այսինքն, ամեն առավոտ իրենց տղամարդկանց ճամփելիս ինչ են նրանց պատվիրում՝ «վահանով, կամ վահանի վրա՞», թե «դատարկ հետ չգաս, մենք ումից ենք պակաս»:

Առաջինը պետք չէ հասկանալ ուղղակի, այն արժանապատվության, հանրային պատասխանատվության, ստեղծագործական սկզբի արտահայտությունն է: Երկրորդը՝ ճիշտ հակառակը՝ գողության, ուրիշին զրկելու, կեղծելու եւ այլ արատների ճանապարհը:

Առաջինը հանրային-պետական կյանքի բոլոր ոլորտներում հաղթանակների ճանապարհն է, երկրորդը՝ նվաստ գոյատեւման, լպիրշության եւ անփառունակ պարտության ճանապարհը:

Էլիտաների պարագայում այս հանգամանքն ունենում է վճռորոշ ազդեցություն հանրային-պետական կյանքի բոլոր ասպարեզներում: Այս տեսակետից, Հայաստանի պարագայում կարծես թե ամեն ինչ պարզ է ու հստակ, բավական է միայն մի թեթեւ հայացք նետել պաշտոնական հայտարարագրերին ու Վերահսկիչ պալատի հաշվետվություններին:

Շնորհավորելով կանանց տոնի կապակցությամբ, միաժամանակ արժե ընդգծել նրանց վսեմ առաքելությունը: Դրա օրինակները հայկական իրականության մեջ բազմաթիվ են, եւ դեռ ամեն ինչ կորած չէ: Տղամարդ պաշտոնյաներն էլ մեղք են՝ նրանց այլ մոտիվացիա է պետք հաղորդել: Թե չէ՝ դառնում են հանրային պարսավանքի ու ծաղրի առարկա` ընկնելով անհաղթահարելի բարդույթների մեջ եւ կորցնելով ի բնե տրված իրենց տղամարդկային սկիզբն ու նշանակությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20