Հայտնի են ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների ատեստավորման քննությունների օրերը

- in Կրթություն

ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2015/2016 ուստարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների մասնակցելու նպատակով 2016թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը (ներառյալ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է դիմորդների փաստաթղթերի ընդունելություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում է դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից:

Քննական թերթը ստանալու համար (ս/թ. ապրիլի 27-ից մինչև մայիսի 5-ը ընկած ժամանակահատվածում) շրջանավարտը ներկայանում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը և դիմում-հայտը լրացնելիս տրված ստացականը, որի համար շրջանավարտը ստորագրում է գրանցման մատյանում: Դիմողները դիմում-հայտի հետ միասին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` ավարտական փաստաթղթի (դիպլոմի) բնօրինակը` պատճենի հետ միասին, ներդիրի (միջուկի) բնօրինակը՝ պատճենի հետ միասին, անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, զինգրքույկ, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կ ացության վկայական) բնօրինակը՝ պատճենի հետ միասին, 2 լուսանկար (3X4սմ չափսի):

Ըստ անհրաժեշտության` քննությունների կազմակերպման և անցկացման ընդունող հանձնաժողովը կարող է պահանջել նաև լրացուցիչ փաստաթղթեր: Ըստ մասնագիտությունների (մասնագիտացումների) ամփոփիչ ատեստավորման քննությունները կազմակերպվելու են 2016թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունում, 2016թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը (յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից):

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20