«Հարսանիքներին մասնակցելու հիմնադրամ»

khach xach

Իշխանավորները կազմակերպում են տարբեր միջոցառումներ, որոնց հրավիրում են նաև իշխանության բարձրագույն էլիտային: Միջոցառումը կարող է լինել ծնունդ և կնունք, հարսանիք կամ նոր աթոռ, կամ պարզապես խնջույք…

Ահա հենց այստեղ խնդիր է առաջանում՝ նորապսակների հարսանիքին հրավիրված բարձրաստիճան պետական այրերը պետք է նվերով ներկայանան արարողությանը, թե՞ իրենց մասնակցությունն արդեն նվեր է օջախի տիրոջ համար:

Խնամուն ներկայանալ, որ իմ կանչված հյուրը այս բարձրաստիճան պաշտոնյան է, արդեն դիրքային առավելություն է մյուս կողմի նկատմամբ:

Կարծում եմ, ժամանակն է վերանայել հրավերների արարողակարքը, և եթե պետության առաջին դեմքերը մասնակցում են որևէ մեկի միջոցառմանը կամ պետական այրի հրավերին, ապա այն պետք է փոխհատուցվի օջախի տիրոջ կողմից…:

Հաճախ կարելի է լսել, երբ արտերկրներում հայտնի անձի հետ երեկոյան ընթրիքի համար վճարում է հրավիրող կողմը, որպեսզի գովազդի իր մտերմության աստիճանը: Մեզանում թերևս նոր է ձևավորվում այդ մշակույթը և ժամանակն է, որպեսզի մերոնք՝ իշխանավորները ևս գնահատեն իրենց մասնակցության աստիճանը և արժեքը:

Հրավիրող կողմը պարտավոր է վարձահատույց լինել բարձրագույն իշխանության մասնակցության համար, կախված այն արարողությունից, թե ինչ միջոցառում է՝ ծնունդ, կնունք, հարսանիք, թե ասենք բանակի քեֆ…: Ի դեպ, գուցե բանակի քեֆը հազվադեպ լինի, քանզի իշխանավորների զավակները դժվարությամբ են բանակ մեկնում՝ հաշվի առնելով նրանց պիտանելիության աստիճանը և մոլուցքը կրթությունը ասպիրանտուրայում շարունակելու համար:

Կարծում եմ ժամանակն է, որ ստեղծվի «Հարսանիքներին մասնակցելու հիմնադրամ», որը կարող է նաև հետագայում իր համեստ նպաստը բերել տնտեսաության տարբեր ոլորտներում զարգացմանը: Այն կանխարգելիչ դեր կունենա նաև կոռուպցիոն ռիսկերի բացահայտման գործում:

Գառնիկ Վաղարշակյան

ՀԱՄԿ քարտուղար

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20