ՀՀԿ քաղաքական դպրոցի հիմնման աշխատանքները կհամակարգի Աշոտյանը. ովքեր են լինելու դասախոսները

Armen Ashotyan

ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոց հիմնելու ՀՀԿ նախաձեռնության նպատակն է նախ կրթական ծրագրերի միջոցով բարելավել կուսակցության անդամների և համակիրների կազմակերպչական և ինտելեկտուալ կարողությունները:

Մարտի 30-ին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց. «Երբ հայտարարվեց այն մասին, որ կուսակցությունը պատրաստվում է քաղաքական դպրոց հիմնել, ոմանք հումորի բարձր աստիճան ցույց տվեցին, ոմանք էլ՝ քաղաքական մաղձի բարձր աստիճան: Իրականում տարատեսակ արձագանքներն ինձ չեն զարմացնում, որովհետև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը առաջինն է Հայաստանում, որ նման նախաձեռնությամբ է հանդես գալիս: Տեղին չեմ համարում կարոտախտով տառապող որոշ մարդկանց կողմից դպրոցի հիմնումը համեմատությունները խորհրդային կարգերի հետ համեմատելու փորձերը: Քաղաքական դպրոցի հիմնումն առաջին հերթին նպատակ ունի կրթական ծրագրերի միջոցով բարելավելու կուսակցության անդամների և համակիրների կազմակերպչական ու ինտելեկտուալ կարողությունները: Դպրոցի դռները բաց են լինելու նաև անկուսակցականների համար»:

Արմեն Աշոտյանը հավելեց, որ քաղաքական դպրոցի հիմնումը նաև քաղաքագիտական նոր միտք բերելն է. «Այս որոշումը ընդամենը ճանապարհի սկիզբն է և այն զարկ է տալու քաղաքական և քաղաքագիտական մտքի զարգացմանը: Մենք աշխատել ենք նաև միջազգային կառույցների հետ, ես հանդիպումներ եմ ունեցել եվրոպական հիմնադրամների հետ, որոնք օգտագործել են քաղաքական դպրոցի փորձը: Օրինակ, գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ եմ հանդիպել, որը հիմնադրվել է Գերմանիայի քրիստոնեադեմոկրատական կուսակցության ունի քաղաքական դպրոցի օգտագործմա ն մեծ փորձ: Նաև ԵԺԿ-ի հետ ունենք պայմանավորվածություններ, որոնք խորացրել ենք վերջին հանդիպման ժամանակ: Քաղաքական դպրոցի ավանդույթներ կան նաև հետխորհրդային երկրներում և դպրոցը հիմնելուց հետո մեր գործընկերը լինելու է նաև «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը, որտեղ նույնպես այս առումով մեծ հեռանկարներ կան»:

Դպրոցում դասավանդող դասախոսական անձնակազմի մասին Արմեն Աշոտյանը չցանկացավ շատ խոսել՝ ընդգծելով, որ ամեն ինչ ավելի հստակ կլինի դպրոցը հիմնելուց հետո: Նա ընդգծեց, որ դպրոցում դասավանդելու են ինչպես Հայաստանի Հանրապետական կուսակցության համապատասխան գիտելիքներ և ինտելեկտուալ կարողություններ ունեցող անդամներ, այնպես էլ անկուսակցականներ: Արմեն Աշոտյանը հայտնեց, որ դպրոցի հիմնման աշխատանքներն ինքն է համակարգելու՝ հավելելով, որ չի բացառվում, որ նաև ինքը դասավանդի դպրոցում, եթե լինի ժամանակ և ցանկություն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20