Հովիկ Աֆյան. «Մեծ ու փոքր Սոֆաները»

- in Մշակույթ
Mard
Երբ դեղին անհասկանալի ծաղիկներով սեւ բլուզով տիկին Սոֆան նստած էր հիվանդանոցի սպասասրահի նստարանին, դեռ չգիտեր, որ իրեն մոտեցող բժիշկը երկու լուր ունի իր համար՝ մեկը լավ, մյուսը՝ վատ: Գուցե այդ պատճառով էլ անհանգիստ էր, համենայն դեպս անհանգիստ էր:
Մոտենալով նրան, բժիշկը սկսեց լավ լուրից՝ Ձեր ամուսինը հիվանդանոցում կմնա մինչեւ շաբաթվա վերջը: Տիկին Սոֆան արդեն ոտքի էր կանգնել եւ լսելով ավետիսը ուզում էր համբուրել բժիշկ Ավետիսին, սակայն վերջինիս հայտնած հաջորդ լուրը նրան տեղում քարացրեց…Մեկ շաբաթից Ձեր ամուսինը կմեռնի, չնայած, չի բացառվում, որ ավելի շուտ մեռնի: Տիկին Սոֆան քարացավ, բժիշկը բռնեց նրա ձեռքը, ապա օգնեց, որ նստի, գուցե, որպեսզի համոզվի, որ տիկինը չի քարացել, չէր քարացել, համենայն դեպս՝ նստեց: Հետո բժիշկը գնաց, եւ խնդրեց բուժքույր Լիդային՝ օգնել տիկնոջը, վերջինս էլ մի բաժակ ջուր բերեց, ինչպես ամեն դեպքում բոլորս ենք անում, երբ չգիտենք, թե ինչով է պետք օգնել եւ կամ գիտենք, ուղղակի այդքան փող չունենք:
Ամուսնացել էին շատ վաղուց, արդեն թոռներ ունեին, որոնցից ամենաավագը արդեն սիրահարվել էր, ճիշտ է մանկապարտեզում, բայց լրջորեն, համենայն դեպս ուզում էր ամուսնանալ, ինչը մի ավելորդ մտահոգություն էր պատճառով տիկին Սոֆային, քանի որ կինը դեռ ոչինչ չէր պատրաստել թոռան համար՝ որպես օժիտ: Հիմա հազիվ էլ պատրաստի, Բաբկենը գնաց…Բաբկենը կապույտ աչքեր ուներ, եւ սիրում էր երեք բան. կոտեմ, խաշ եւ Տալլին քաղաքը: Մի անգամ եղել էր այնտեղ՝ իհարկե Սոֆայի հետ, եւ ամեն անգամ, երբ աշխարհից էին խոսում, ասում էր՝ դուք Տալլինը չեք տեսել, այ Տալլինը քաղաք է, թե չէ ի՞նչ Մոսկվա, ի՞նչ Չիկագո, հենց՝ Չիկագո էլ ասում էր, ոչ թե, ենթադրենք՝ Նյու Յորք, կամ Փարիզ: Ու չնայած Սոֆան Բաբկենի երեք սերերի մեջ չէր մտնում, բայց Բաբկենը Սոֆայի միակ սերն էր, համենայն դեպս Սոֆան սիրում էր, երբ Բաբկենը խռռացնում էր գիշերներ՝ իր կողքին քնած, իսկ երբ մեկը սիրում է, երբ իր ամուսինն իր կողքը խռռացնում է, ուրեմն իսկապես սիրում է իր ամուսնուն: Մի անգամ աշնանը, երբ ամուսնացրին իրենց երրորդ՝ վերջին երեխային եւ գնացին տուն, որտեղ արդեն երկուսով էին, Սոֆան հենց այդպես էլ ասաց՝ Բաբկեն, ես քեզ սիրում եմ: Բաբկենը լռեց, Սոֆան գիտեր, որ լռությունը համաձայնության նշան է եւ ուրեմն Բաբկենը համաձայն է իր հետ, որ ինքը սիրում է Բաբկենին: Ու այսօր, Բաբկենը գնաց…Այն Բաբկենը, որի կապույտ աչքերը մի օր այնպես փայլեցին, ասես արեւ լինեին, մի օր այնպես բարկացան, ասես կարկուտ լինեին, մի օր այնպես արտասվեցին, ասես ամպ լինեին, մի օր այնպես փակվեցին, ասես երբեք էլ բաց չէին եղել….Բաբկենը գնաց եւ Սոֆան հիմա մենակ է: Մեծ գերդաստանում ծնված, մեծ գերդաստանի հետ ապրած, մեծ գերդաստան հարս գնացած, մեծ գերդաստանում հարս մնացած, մեծ գերդաստան աճեցրած Սոֆան, հիմա մենակ է, ու ինքը չէր հասկանում, թե դա ինչ է, այսինքն ինքը վստահ էր, որ մենակությունը մահ է, ինքը միշտ երազել էր մենակ լինելու մասին, բայց հիմա, երբ մենակ էր, զգում էր, որ մենակությունը մահ է:
Բուժքույրը շատ օգնեց Սոֆային, տարավ սենյակ, նստեցրեց հարմարավետ աթոռին, ավելի ճիշտ՝ սենյակի միակ աթոռին, եւ քանի որ Սոֆան ոչինչ չէր խոսում, ինքն էր անդադար խոսում: Բա, քանի՞ երեխա ունես, բա հիմա ո՞ւր են, բա ինչի՞ տղաներիդ չեմ տեսել էսքան ժամանակ, կարողա՞ լավ չես հետները, հա, հարսներդ բանի պետք չեն, հա՞…Սոֆան լուռ էր, եթե խոսեր, անպայման կասեր, որ լռությունը միշտ չէ, որ համաձայնության նշան է: Հանկարծ Սոֆան սկսեց ժպտալ, ասես մի բան գիտեր, որի մասին մոռացել էր, այո՝ գիտեր եւ մոռացել էր. Աստված իմ, մտածեց կինը, բայց Բաբկենը դեռ չի մահացել, Բաբկենը դեռ կա, ճիշտ է՝ մի շաբաթվա կյանք ունի, բայց կյանք ունի: Ու արագորեն դուրս գալով բուժքրոջ սենյակից սկսեց փնտրել բժիշկ Ավետիսին, որ իմանա, թե Բաբկենը որ սենյակում է: Ամուսնու ձեռքն ամուր բռնած՝ նստել էր, չէր լացում, չէր մտածում, նայում էր, նայում էր եւ հիշում էր, ոչ թե Բաբկենի նվիրած ծաղիկները, այլ այն, որ Բաբկենը երբեք իրեն ծաղիկներ չի նվիրել, ոչ թե Բաբկենի հետ Տալլինում անցկացրած օրերը, այլ Բաբկենի հետ Տալլին գնացած, բայց առանց Բաբկեն Տալլինում անցկացրած օրերը, ոչ թե իր անքուն գիշերները, երբ ամեն ձմեռային ամսվա 6-ին խաշ էր սարքում, այլ հաջորդ օրը առավոտյան Բաբկենի՝ փահ-փահը, Սոֆան հիշելու շատ բան ուներ, ահագին երկար ամուսնացած էին: Բաբկենի աչքերը փակ էին, բժիշկներն ասում էին քնած է, բժիշկներն ասում էին՝ նա հիմա ոչինչ չի զգում, Սոֆան արդեն մի քանի տասնյակ տարի գիտեր, որ Բաբկենը ոչինչ չի զգում: Բաբկենը հենց այդպես էլ մեռավ, ձեռքը՝ Սոֆայի ձեռքերի մեջ, առանց ոչինչ զգալու, մեռավ ոչ թե մեկ շաբաթից, այլ երկու օր անց, մեռավ՝ առանց ցավ զգալու, մեռավ՝ ցավեցնելով, մեռավ՝ թեթեւացնելով, որ մեռավ: Տղերքն, իհարկե եկել էին, հարսներն, իհարկե, սեղան էին քցում, պահարանների ապակիները սպիտակ սավաններով էին ծածկում, հանգստացնող էին ժամը մեկ՝ Սոֆային հասցնում, Սոֆան էլ հանգստանում էր: Բաբկենը աչքերի պես կապույտ կոստյում էր հագել՝ վերջին ճամփան ընկնելուց առաջ, կապույտ կոշիկներ էր հագել, դեմքը՝ նույնն էր մնացել, Սոֆան սկսեց հենց դրա համար լացել, որ իր ամուսնու դեմքը՝ հիմա, երբ պառկած է, նույնն էր, ինչ իրենց հանդիպման առաջին օրը, առաջին շաբաթում, առաջին ամսում, առաջին տարում, առաջին տասը տարում…Սոֆան անձայն էր լացում, բարձր լացողները չեն լացում, լացացնում են:
Բաբկենը հարուստ մարդ չէր, հետեւաբար թաղումն անշուք արեցին եւ արագ: Թաղեցին քաղաքային գերեզմանոցում, Բաբկեն պապիկի, Բաբկենի հոր եւ հորեղբոր կողքին: Գերեզմանոցում էլ տեղ չմնաց եւ Սոֆան դա հասկանալով էլի սկսեց լացել եւ ինքն էլ չհասկացավ, թե այդ անգամ ինքը ուրախությունի՞ց էր լացում, թե՞ տխրությունից: Խաշլաման, ինչպես բոլոր նման դեպքերի խաշլաման շատ համեղ էր, կոտեմը՝ բոլ-բոլ, ջրեղենը մի քիչ քչություն արեց, բայց դա էլ Բաբկենի մեղքն էր, որ հարուստ լիներ, տղերքն էլ հարուստ կլինեին, որ հարուստ լինեին, ջրեղենն էլ քչություն չէր անի: Համ էլ թաղմանն ո՞վ է ջուր խմելու համար գալիս, ուտելու համար են գալիս, իսկ խաշլաման համով էր:
Մեծ թոռնիկն արդեն սիրահարված չէր, ավելի ճիշտ սիրահարված էր, բայց արդեն ուրիշին, ավելի լավին: Ու հենց Սոֆա տատիկին պատմում էր իր նոր սիրո մասին, որն իրեն՝ արդեն դպրոցից տուն էր տանում, անցնում էին բակի հացի խանութի մոտով: Սոֆան հիշեց, որ հաց չունեն եւ նզովեց իրեն, որ հենց այդ հացի խանութի մոտ է հիշում, որ հաց չունեն: Հացթուխը, խանութի սեփականատերը միաժամանակ Սերոժն էր, Բաբկենի ընկերը չէր, բայց Բաբկենի հասակակիցն էր, ու քանի որ կինն արդեն տասնհինգ տարի է, ինչ մահացած էր, թոռնիկ չուներ, մի աղջիկ ուներ, վերջինս էլ Գերմանիայում էր՝ Վիեննայում, որը չնայած ոչ թե Գերմանիայում է, այլ Ավստրիայի մայրաքաղաքն է, բայց Սերոժն ասում էր՝ աղջիկս Գեմանիայում է, Վիեննայում: Սիրուն աղջիկ էր, հորն էր քաշել:
– Չորս հատ հաց տուր, Սերոժ, էտ պուրիներից, լավերից, ինքն էլ չհասկանալով, թե ինչու հենց ինքը մտավ խանութ, այլ թոռնիկին չուղարկեց, ասաց Սոֆան:
– Բա, էդ ինչի ես ե՞րբ եմ քեզ վատերից տվել, այ քո ջանին մեռնեմ:
Փոքրիկ Սոֆան մեծերին միայն նայում էր, նրան սովորեցրել էին, որ երբ մեծերը խոսում են, փոքրերը միայն նայում են, որ սովորեն:
– Առ քեզ չորս հատ, ընտիր պուրի, քեզ պես ընտիր… Դու էն ասա, մտածել ե՞ս: Սերոժը այնպես էր նայում Սոֆային, ինչպես կնայեր Լուվր այցելած զբոսաշրջիկը Լուվրի պահակին, որը ստուգում է իր տոմսը:
– Հա, մտածել եմ, հացդ թխի, մեծ մարդիկ ենք, ամոթա ու քեզ ներում եմ, բայց մենակ մի պայմանով, որ մոռանաս էն, ինչ ասել ես ինձ: Ասաց ու թոռան ձեռքը քաշելով հեռացավ: Սերոժը քարացել-մնացել էր, փոքրիկ Սոֆան միայն մի հարց ուներ.
– Տատ, ի՞նչն է ամոթ:
– Սիրելը, բալես, սիրելը…
Հովիկ ԱՖՅԱՆ
Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20