Մենք բոլորս այստեղ ենք նաև Սասուն Միքայելյանի աջակցությամբ

- in Ընտրություններ
Sasun Mikayelyan

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին ուղղված գրությունը երեկ մերժվեց:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Լևոն Զուրաբյանին առաջարկել էր Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ին կողմից ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի առաջարկած մարդկանց: Նիկոլ Փաշինյանի առաջարկին կողմ էին արտահայտվել ՀԱԿ խմբակցության պատգամավորներ, Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը և Ստեփան Դեմիրճյանը:

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում այս հարցի վերաբերյալ գրել է. «Ես շարունակում եմ պնդել, որ «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության 7 անդամներից 4-ը կողմ են, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակվեն Սասուն Միքայելյանի առաջադրած թեկնածուները: Մինչև այս պահը իմ նշած չորս պատգամավորներից ոչ ոք չի հերքել այդ դիրքորոշումը: Սա դե յուրե բավարար է հարցը լուծելու համար: Եթե ոչ՝ թող հրավիրվի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության հատուկ դռնբաց նիստ, քննարկվելու և քվեարկելու համար խնդրո առարկա հարցերը»:

Armtimes.com-ն այսօր Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք վերահաստատում է իր դիրքորոշումը:

-Տիկին Սարգսյան, վերահաստատո՞ւմ եք ձեր դիրքորոշումը:

-Ուրեմն պիտի ասեմ՝ երբեք իմ արտահայտած կարծիքներից ես չեմ հրաժարվում, առավել ևս հայտարարություններից: Ես համարում եմ, որ Սասուն Միքայելյանն իրավունք ունի ակնկալելու ՀԱԿ խմբակցության աջակցությունը, որովհետև մենք բոլորս այստեղ ենք (ԱԺ-ում, հեղ.) նաև Սասուն Միքայելյանի ներդրման արդյունքում և կարծում եմ՝ բարոյական կլինի Սասուն Միքայելյանին հանձնաժողովների անդամների հարցում աջակցել, և ես հաստատում եմ, որ ես անձամբ կողմ եմ արտահայտվում այդ աջակցությանը:

«Հանրապետություն» կուսակցությունը աջակցում է Սասուն Միքայելյանին՝ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում՝ համարելով նրան ամենաարժանավոր թեկնածուն՝ շնորհիվ Արցախյան ազատամարտում ցուցաբերած խիզախության ու նվիրումի, պատգամավորական աշխատանքի բազմամյա փորձի, կառավարման ունակությունների ու քաղաքի խնդիրների լավագույնս իմացության:

«Հանրապետություն» կուսակցությունը կոչ է անում իր անդամներին ու համակիրներին ակտիվորեն մասնակցել Հրազդան քաղաքի 2016 թվականի ընտրություններին, պայքարել այդ պաշտոնում Սասուն Միքաելյան ընտրվելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20