Մի քիչ գժոտ գիտնականները, գիտության բյուջեն ու նրա տերը

Hashvark

Իսկապես թե ` «գժեր, գժվեք»: Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ԱԺ Կրթության եւ գիտության հանձնաժողովի կազմակերպած լսումներում հայտարարել է, որ գիտնականը «մի քիչ գժոտ պետք է լինի եւ առաջնային տեղ չպետք է տա իր աշխատավարձի չափին»: Երևի սա արդեն վերջն է:

Կրթության նախարարը չի մասնակցում քննարկումներին, երևի ավելի կարևոր գործ ունի, հանձնաժողովի իբր ընդդիմադիր պատգամավորները չկան`զբաղված են, ուշացումով գալիս է նրանցից մեկը`սա էլ ասելիք չունի: Ու արդեն անհասկանալի է, ու՞մ համար են ԳՊԿ նախագահի բառերը ավելի վիրավորական`գիտնականների, թե՞…

Իսկ չի՞ կարելի տեղերով փոխվենք: Դուք դարձեք մի քիչ գժոտ`շատ չէ, մի երկու տարի: Հիմա էլ դուք «առաջնային տեղ մի տվեք աշխատավարձի չափին», թող մի քիչ էլ գիտնականները պետության փողերով մարդավայել ապրեն: Ինչո՞ւ խառնվեցիք իրար, մնացած փողերին չկպա: Միայն պետական բյուջեից ստացվող: Չէ՞, չի լինի՞:
Երևի ինչ որ մի տեղ գրված է, որ մենք պետք է լինենք գժոտ: Եվ ԳՊԿ նախագահի այս խորիմաստ բառերը ուղղված են «փող բաժանողներին»: Իբր, մի անհանգստացեք, սրանց ինչ էլ տանք՝ բավական է`ձայն չեն հանի: Ելույթի վերջում էլ «գժոտներին» հանգստացնելու թե խաբելու համար անիմաստ բառերի մի խումբ «…համակարգված աշխատանքի դեպքում միանգամայն իրատեսական է 2020 թվականին գիտության համար ՀՆԱ-ից 1,2-1,4 տոկոս հատկացումները…»:

Արդի պայմաններում ի՞նչ է նշանակում «իրատեսական»: Կամ ի՞նչ է նշանակում «համակարգված աշխատել», երևի պահանջում է իրեն չխանգարե՞լ: Չխանգարել, երբ յուրայիններին փող է հատկացնում գիտության ֆոնդից: Օրինակ, բյուջեի մեջ առանձին տողով միանգամից մի քանի ծրագիր ֆինանսավորելու գումարները հատկացնելիս`«Միջազգային գիտական կառույցների անդամակցություն (ԵՄ «Հորիզոն 2020», Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ, Բարձր էներգիաների ստերեոսկոպիկ համակարգ) – 579247.0 հազ. Դրամ»: 1 մլն եվրոյից ավելի գումար առանձնացնելիս «գժոտներին» չէի՞ր հիշում: Էս փողերը ծախսողները երևի ձերոնք ե՞ն` լրիվ նորմալ, այսինքն “ոչ-գիտնական”: Սա դեռ «Միջազգային գիտական համագործակցության» 254266.4 հազ. Դր. չի: Նա էլ առանձին կես մլն. եվրո է:

Մի քանի տարի առաջ կառավարության շենքում տրված ասուլիսում ԳՊԿ նախագահը հայտարարեց, թե միջազգային համագործակցության մեջ դրված գումարները վերադառնում են եռապատկված, հնգապատկված: Վերադառնում են ու՞ր, ինչպե՞ս: Հայ-բելառուսական համագործակցության մասնակիցներից մեկը, որը մինչև թոշակի անցնելը տեսաբան էր Բելառուսում, Թայվանում դարձել է փորձարար: Նա պարբերաբար փող էր փոխանցում Հայաստան և աջ ու ձախ պատմում, թե ում է ուղարկում: Սա՞ է փողերի վերադարձը միջազգային համագործակցությունից: Դե եթե սա է պետք հանրությանը, ես էլ ի՞նչ ասեմ կամ անեմ:

Ով էլ լինի «փող բաժանողը» ոչ մի «կոպեկ» չի տա, եթե գալիս է մեկը և հայտարարում, որ ինքը ներկայացնում է «գժոտներին»: Այս պարզ ճշմարտությունը հայտնի է շատերին: Ում համար են այս խեղկատակություն հիշեցնող լսումները`ես չգիտեմ: Ինչպես չգիտեմ, թե ում համար են ավելի վիրավորական ԳՊԿ նախագահի խորիմաստ մտքերը`գիտնականների՞, թե…

Սասուն ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նախկին «Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ»-ի

նախկին աշխատակից

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20