Մոսկվայում ՀՀ առողջապահության փոխնախարարը ներկայացրել է ՄԻԱՎ-ին հակազդման Հայաստանի փորձը

- in Առողջություն
Aroxjutyun

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված մոսկովյան հինգերորդ համաժողովի լիագումար նիստում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը հանդես եկավ «Հայաստանի Հանրապետության փորձը ՄԻԱՎ վարակին հակազդման գործում» զեկույցով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ներկայացնելով Հայաստանի ձեռքբերումները` նա մասնավորապես նշեց, որ 2001 թվականից ի վեր հանրապետությունում չի արձանագրվել դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք: Շնորհիվ կանխարգելիչ բուժման 2007 թվականից ի վեր ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում մորից երեխային հիվանդության փոխանցման որևէ դեպք չի արձանագրվել: Բարելավվել է ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական հսկումը, ռիսկային վարքագիծ ունեցող խմբերից և ոչ մեկում ՄԻԱՎ-ի տարածվածությունը չի գերազանցում 5%-ը։

Կարևոր ձեռքբերում է հակառետրովիրուսային բուժման հասանելիությունը, ինչի շնորհիվ բուժման ցուցում ունեցող բոլոր հիվանդներին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տրամադրվում է անվճար բուժում։ Ակնհայտ է նաև բուժման արդյունավետությունը․ 2015թ․ վերջի դրությամբ հակառետրովիրուսային բուժում ստացողների 86%-ի մոտ արձանագրվել է վիրուսային ծանրաբեռնվածության չհայտնաբերվող մակարդակ։

Ըստ բանախոսի՝ նշված ձեռքբերումներին հնարավոր չէր լինի հասնել առանց դոնորների ֆինանսական աջակցության, որոնցից հիմնականը Գլոբալ հիմնադրամն ու ՌԴ կառավարությունն են։ Նա կարևորեց նաև ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և ԱՀԿ-ի տեխնիկական աջակցությունը։

Գագիկ Միրիջանյանը ներկայացրեց նաև ՀՀ-ում առկա մարտահրավերները, որոնց թվում են` հիվանդության ուշ ախտորոշումը, միգրացիոն գործոնի զգալի դերը հիվանդացության աճի գործում, ինչպես նաև միջոցառումների ֆինանսավորման կայունության ապահովումը` անդրադառնալով դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20