Մոսկվան մերժեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

- in Կեղտոտ լվացք
Arm Rus

Ռուսաստանի կառավարությունը և Գերագույն դատարանը բացասական եզրակացություն են տվել Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագծին, տեղեկացնում է Rusarminfo-ն՝ հղում անելով Պետդումայի փոխխոսնակի՝ օրինագծի համահեղինակ Նիկոլայ Լևիչևի օգնականին:

«Պետդումայի խորհուրդն օրինագիծը հետ է ուղարկել հեղինակներին, որովհետև խախտվել է Կառավարության ու Գերագույն դատարանի կողմից օրինագծի քննարկման ժամկետը»,- ասել է նա:

«Կառավարության բացասական եզրակացությունը բացատրվում է նրանով, որ իբր քրեական օրենսգրքում արդեն գոյություն ունեն նորմեր, որոնք պատիժ են նախատեսում հավատացյալների զգացմունքների վիրավորման, ազգային հողի վրա հանցագործությունների համար»,- ասել է Լևիչևը:

Եզրակացությունում նշված է նաև, որ հեղինակները ոչ մի վիճակագրական ու քրեագիտական հետազոտության արդյունքներ չեն ներկայացրել, օրինագծում բացակայում են Ռուսաստանում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման դեպքերի տարածվածության վերաբերյալ տվյալներ:

Հիշեցնենք, որ 2015 թ. նոյեմբերի 25-ին «Սպրավեդլիվայա Ռոսսիյա» կուսակցության ղեկավարներ Սերգեյ Միրոնովն ու Նիկոլայ Լևիչևը Պետդումայում օրինագիծ էին ներկայացրել՝ առաջարկելով քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20