Նախընտրական արշավն ուժեղացնում է անորոշությունն ԱՄՆ տնտեսությունում

USA

Նախընտրական արշավն ուժեղացնում է ԱՄՆ-ում տնտեսական իրավիճակի հանդեպ անորոշությունը՝ գրում է The Wall Street Journal-ը։

Այդ մասին են վկայում ԱՄՆ խոշոր և փոքր բիզնեսի ներկայացուցիչների շրջանում վերջերս անցկացված հարցման արդյունքները։ Չնայած այն բանին, որ ընդհանուր առմամբ պատասխանողները սպասում են գործազրկության նվազեցում և ՀՆԱ-ի աճ, կան լուրջ մտավախություններ, որ շուտով կանխատեսումները զգալիորեն կվատանան։

Պատասխանողների մեծ մասը այդ վտանգը կապում են հանրապետական Դոնալդ Թրամփի կամ դեմոկրատ Բեռնի Սանդերսի հնարավոր ընտրման հետ։ Որոշ մտավախություններ կան նաև կապված հանրապետական Թեդ Քրուզի հետ։

Տնտեսագետները կարծում են, որ այնպիսի առաջարկները, ինչպիսիք են ԱՄՆ հարկային օրենսդրության վերանայումը և միգրացիոն քաղաքականության խստացումը, կարող են լուրջ հետևանքներ ունենալ։

Բացի այդ, պատասխանողների 1/3-ը վստահ է, որ նախընտրական արշավից անորոշության զգացումն արդեն բացասաբար է ազդում երկրի տնտեսության վիճակի վրա։

Փորձագետները կարծում են, որ ԱՄՆ տնտեսության համար ավելի լավ կլինի, եթե նախագահ դառնա հանրապետական Ջոն Քեյսիքը, նրա կուսակից-մրցակից Մարկո Ռուբիոն կամ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը։ Նրանց կարծիքով՝ դա երաշխավորում է տնտեսական կուրսի շարունակականություն։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20