ՆԱՏՕ-ն Հայաստանից կրեատիվ առաջարկներ է սպասում

- in Կարծիք
Nato

Հաջորդ շաբաթ Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում կայանալու է Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը «Հայաստան+28» ձեւաչափով: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով ու անվտանգության քաղաքականության գծով տեղակալի օգնական Ջոնաթան Փերիշն օրերս Երեւանում քննարկել են նիստի նախապատրաստական աշխատանքները:

ՆԱՏՕ-ն փորձում է կողմնորոշվել, թե ինչպես հարաբերություններ կառուցի Հայաստանի հետ, հատկապես Վարշավայում հունիսյան վեհաժողովից առաջ:

Երեւանում կայացել է «ՆԱՏՕ-ի ու Հայաստանի հարաբերությունները. հեռանկարներ ու մարտահրավերներ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովի նախօրեին» կոնֆերանսը: ՆԱՏՕ-ում Հարավային Կովկասի դեպարտամենտի պատասխանատու Շտեֆան Էլգերմանը համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Դաշինքը մտահոգված է, որ Ռուսաստանը չի հարգում հարեւան պետությունների ինքնիշխանությունը, եւ դա կարող է մեզ վերադարձնել սառը պատերազմի վիճակ: Մենք ուշադիր հետեւում ենք դրան եւ ամրապնդում ենք Դաշինքի երկրների անվտանգությունը, հատկապես արեւելյան սահմաններին, ասել է նա:

Էլգերմանն ասել է, որ 2014 թվականից սկսած, երբ Ուելսում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, շատ բան է փոխվել գլոբալ անվտանգության համակարգում, այդ թվում, ՆԱՏՕ-ի ու Հարավային Կովկասի հարաբերություններում: Նա ասել է, որ Վրաստանը ձգտում է դեպի ՆԱՏՕ, Ադրբեջանի հետ Դաշինքը նույնպես հարաբերություններ ունի, եւ ՆԱՏՕ-ն կցանկանար որոշել Հայաստանի հետ հարաբերությունների ձեւաչափը. «Մենք Հայաստանից կրեատիվ առաջարկներ ենք սպասում»:

2014 թվականին Ուելսում ՆԱՏՕ-ի վեհաժողովի ժամանակ կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ջոն Քերիի միջնորդությամբ: Նախագահներին կհրավիրե՞ն ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովին, Դաշինքը տարածաշրջանային անվտանգության ապահովման նոր առաջարկներ կներկայացնի՞: Ինչի՞ է պատրաստ Հայաստանն անվտանգության միջազգային երաշխիքներ ստանալու համար:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն ամեն անգամ նշում են, որ հասկանում են Հայաստանի վիճակը: «Մենք հասկանում ենք, թե Հայաստանի համար ինչ է նշանակում սիրիական ճգնաժամն ու ռուս-թուրքական լարումը»,- ասել է Շտեֆան Էլգերմանը:

Ընդ որում, Հայաստանի հարեւանները չեն թաքցնում, որ Հայաստանում ռուսական բազան սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը: Օրինակ, Վրաստանը ստեղծել է զինված ուժերի երկու հրամանատարություն եւ որպես անվտանգության սպառնալիք նշել է ռուսական զորքերն Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ու ռուսական բազան Հայաստանում:

ՆԱՏՕ-ն փորձում է համագործակցել Հայաստանի հետ, սակայն, ամենայն հավանականությամբ, չի ստանում «կրեատիվ առաջարկներ»: Չնայած դաշինքը մտահոգություն է հայտնում, որ «Ռուսաստանը չի հարգում հարեւան պետությունների ինքնիշխանությունը», միեւնույն է, արեւմտյան մամուլում նշվում է, որ Հայաստանն անառարկելիորեն չի կատարում Ռուսաստանի ցանկությունները: Չնայած Հայաստանը դառնում է Ռուսաստանի արբանյակը, այնուամենանիվ, Մոսկվան չի կարողանում Հայաստանում անել այն ամենը, ինչ ցանկանա, գրում է ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին աշխատակիցը:

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները կարող են առանցք դառնալ, որի վրա կկառուցվի Հայաստանի ապագա քաղաքականությունը: Ներկայիս քաղաքականությունն ակնհայտորեն հաջողության չի տանում՝ չնայած իշխանությունում բազմաթիվ փոփոխություններին: Նոր քաղաքականությունն անհնար է առանց նոր արտաքին քաղաքական առանցքի կառուցման:

Ինչպես համաժողովի ժամանակ ասել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին, ՆԱՏՕ-ին անդամակցությունը Լեհաստանին մեծ օգուտներ է տվել անվտանգության, ներդրումների, տեխնոլոգիաների, արժեքների առումով: Նա Հայաստանին խորհուրդ է տալիս մտածել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ամրապնդման մասին, եթե Հայաստանը ցանկանում է ներդրումներ ներգրավել ու դառնալ տեխնոլոգիական երկիր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20