Նիկոլ Փաշինյանը խոսել է ՔՊ-ին Խաչատուր Սուքիասյանի հնարավոր անդամակցության մասին

- in Ով ով է ...
Khachatur Sukiasyan

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել, որ 2017 թ. խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակում կարող են հայտնվել միայն կուսակցության անդամները:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, որ գործարար Խաչատուր Սուքիասյանը հայտնվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում:

«Կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է, որ համամասնական ցուցակում կարող են լինել միայն կուսակցության անդամներ, իսկ Խաչատուր Սուքիասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ», «Արմենպրես» ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը:

Հարցին, թե իսկ եթե Խաչատուր Սուքիասյանն, այնուամենայնիվ, որոշում կայացնի անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Կուսակցությանն անդմակցելու համար կա հետևյալ ընթացակարգը: Նախ պետք է անձը կուսակցության շարքերը համալրելու ցանկություն հայտնի: Այնուհետև կուսակցության վարչությունը պետք է քննարկի այդ հարցը ու որոշի՝ ընդունո՞ւմ է տվյալ անձին կուսակցության շարքեր, թե չի ընդունում»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Խաչատուր Սուքիասյանը հանրության կողմից արդեն որպես ընդդիմադիր գործիչ չի ընկալվում, Փաշինյանն ասաց. «Եկեք «Կիկոսի մահը» չսարքենք՝ բա որ այսպես լինի, բա որ այնպես լինի: Կլինի կոնկրետ իրավիճակ, կլինեն կոնկրետ լուծումներ, և կտրվեն հստակ պարզաբանումներ»:

Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ Խաչատուր Սուքիասյանի հետ ինքը ընդհանուր քաղաքական կենսագրության մեջ ընդհանուր տեղ ունի: «Դա 2008թ. Ազատության հրապարակն է: Բոլորդ էլ տեղեկացված եք մեր անձնական հարաբերությունների մասին: Դա չի նշանակում, որ մենք իրար հետ խորհրդատվություններ ենք անում, դա նույնիսկ չի նշանակում, որ մենք հաճախ հանդիպում ենք կամ ամեն ինչի մասին նույն տեսակետն ունենք: Դա նշանակում է ընդամենը այն, ինչ դուք գիտեք: Մենք նույնիսկ մի կարճ ժամանակ գտնվել ենք Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում: Ճիշտ է՝ տարբեր խցերում ենք եղել, սակայն նույն քրեակատարողական հիմնարկում»,- եզրափակեց Փաշինյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20