Ո՞ւմ փորձը ուսումնասիրել և ինչի՞ համար

- in Տնտեսական
Dolar

Հանրապետության իշխանությունները պետականության կերտման ճանապարհին փորձում են բոլոր հնարավոր ձևերով և մեթոդներով ժողովրդավարության քողով ներկայանալ աշխարհի առաջադեմ մարդկությանը: Եվ հատկապես գերհզոր պետությունների առաջնորդներին ցուցադրել իշխանությունների քաղաքական կամքը իրավական պետությանը բնորոշ գործառույթների իրականացման ուղղությամբ:

Վերը հիշատակված հռչակագրային դրույթները իրականացնելու ճանապարհին մերոնք հետևողականորեն ուսումնասիրում են աշխարհի բոլոր երկրների փորձը:

Ինչ խոսք, 200-ից ավելի պետությունների փորձը ուսումնասիրելու համար անհրաժեշտ են լուրջ ֆինանսական միջոցներ և ազատ ժամանակ: Իշխանությունները, պետության արտաքին պարտքի ծավալները հաշվի չառնելով, շարունակում են միջոցներ հայթայթել, իսկ շրջագայությունների համար ազատ ժամանակ նրանք միշտ ունեն:

Արտերկրների փորձը լրջորեն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է նաև հետևողականորեն վերարտադրվել…:

Անցած տարիներին հաճախ ենք նկատել, երբ ԱԺ-ում ներկայացրած օրինագծերի հեղինակները տպավորություն թողնելու համար շեշտադրել են, որ ուսումնասիրել են տարբեր պետությունների (Չիլիի և Սուդանի, Ռուսաստանի և Լյուքսեմբուրգի, ԱՄԷ-ի և Թաիլանդի, ԱՄՆ-ի և Կատարի) փորձը՝ օրենսդրական դաշտը: Չմոռանալով ընդգծել, որ հաճախ անհրաժեշտ է եղել նույնիսկ 2-3 անգամ գործուղվել նույն երկրները…: Երբեմն տարվում են գործուղման (շրջագայության) տպավորություններով և պատմում՝ ի՜նչ բնություն, ի՜նչ սպասարկում, ի՜նչ հյուրանոցային տնտեսություններ ունեն այդ երկրները:

Խայտաբղետ օրինագծերի աշխարհագրական քարտեզը գլխապտույտ է առաջացնում քաղաքացիների մոտ: Եվ հաճախ դժվար է լինում գնահատել ներկայացված օրինագծի արդյունավետությունը: Այս ամենը արվում է, որպեսզի օրենքը կիրարկողները լաբիրինթում կարողանան գտնել իրենց անհրաժեշտ մեկնաբանությունները և կատարել դրանից բխող եզրահանգումներ:
Անցնում է մի կարճ ժամանակ և անհրաժեշտ է լինում վերանայել կամ ամբողջությամբ փոխել օրենքի փիլիսոփայությունը: Իսկ երբեմն պարզապես չեղարկել հիշյալ օրենքը և վերջ:

Այսօր խնդիր է դրված իշխանության վերարտադրությանը զուգահեռ պայքար մղել կոռուպցիայի դեմ: Վերջինիս հարցում մեզ աջակցում է ԱՄՆ-ի մեղմ պահանջը:

Ի դեպ, հանրապետության քաղաքացիները և նրանց ականջալուր ԶԼՄ-ները հաճախ էին անդրադառնում կոռուպցիայի խնդրին և դրա դեմ ուղղված պայքարին: Խնդիրը այնքան ցայտուն էր, որ այդ մասին հախաճ սկսեցին խոսել նաև այլ պետությունների ոչ միայն քաղաքացիները, այլ նաև բարձրաստիճան պետական այրերը:

Հայրենի իշխանություններից ոմանք կցկտուր բառերով փորձեցին ասել, որ մենք ենք, մեր սարերը, կամ մենք ենք, մեր կոռուպցիան, ո՞ւմ, ի՞նչ գործն է:

Խնդիրը կարևորեց ԱՄՆ-ը իբրև աշխարհի գերհզոր պետություն և մերոնց մեղմորեն զգուշացրեց, որ փորձեք պայքարել և մենք ձեզ կսատարենք՝ ֆինանսական աջակցություն կլինի, միայն թե փորձեք պայքարել:

ԱՄՆ-ն ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի համար հատկացրեց 750.000 ԱՄՆ դոլար: Մերոնք, հավանաբար, մտորում են՝ հանկարծ կոռուպցիայի դեմ պայքարի փորձը ուսումնասիրելու համար աշխարհի առաջադեմ երկներ շրջագայելու համար գործուղման ծախսերը քչություն չանեն:

Օրվա իշխանությունը գտնում է, որ մինչև 200 պետությունների փորձը տերև առ տերև չուսումնասիրի, ոչ մի նախաձեռնություն և ինքնագործունեություն չպետք է ծավալի կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:

200 երկիր շրջագայելուց հետո հոգնած իշխանավորներից դժվար է որևէ սպասելիք ակնկալել…

Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20