Ոստիկանության Մարտունու բաժնի նախկին պետն ու օպերատիվ գծով տեղակալը՝ ամբաստանյալի աթոռին

- in Մամուլ
Vostikan

«168 Ժամ» թերթը գրում է. Ոստիկանության Մարտունու բաժնի պետի և նրա տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով հարուցված քրեական գործն արդեն դատարանում է:

Գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի նախկին պետ Վահան Մարգարյանին և նրա տեղակալին՝ Վարդան Ներսիսյանին, ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Քրեական գործի շրջանակներոմ Վահան Մարգարյանին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. նոյեմբերի 11-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում աշխատելով ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետի պաշտոնում, ունենալով ոստիկանության փոխգնդապետի հատուկ կոչում, «Ոսիկանության մասին» ՀՀ օրենքով մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ, սպասարկվող տարածքում կատարված հանցագործությունների բացահայտման բացասական ցուցանիշներ չունենալու, այդ ցուցանիշներն առերևույթ բարձր ներկայացնելու անձնական շահագրգռվածությունից,կարերիստական դրդումներով, խմբային շահերից ելնելով, իր օպերատիվ գծով տեղակալ Վարդան Ներսիսյանի հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակչին նյութապես ապահովելու խոստումներով համոզելու եղանակով դրդել են առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերել, իր մոտ ապօրինի պահել, փոխադրել զգալի չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց, հետագայում այն իբրև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունք հայտնաբերելու, իբր, թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքի բացահայտում արձանագրելու նպատակով:

Ըստ մեղադրանքի՝ Վարդաշեն գյուղի բնակչի կողմից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելուց, պահելուց և փոխադրելուց հետո, պայմանավորվածության համաձայն, նրանց կազմակերպմամբ խեղաթյուրվել է իրականությունը, ձևակերպվել է, թե իբր քաղաքացին թմրամիջոց պահելու կասկածանքով 2014թ. օգոստոսի 8-ին բերման է ենթարկվել Մարտունու բաժին և հրավիրված մոլորության մեջ գտնվող ընթերակաների ու օպերատիվ այլ աշխատակիցների ներկայությամբ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցը, որի մասին կազմվել են համապատասխան դատավարական արձանագրություններ և կցվել, իբր բացահայտված հանցագործության վերաբերյալ նախապատրաստված նյութերին:

Քաղաքացու խոստովանական բացատրությամբ հանդերձ նյութերն ըստ ենթակայության ուղարկվել են Մարտունու քննչական բաժին, դեպքի առթիվ հարուցվել և քննվել է քրեական գործ, քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014թ. հոկտեմբերի 30-ի դատավճռով 1 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելուց հետո քաղաքացին փաստացի 4 ամիս գտնվել է անազատության մեջ՝ քրեակատարողական հիմնարկում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ վերը նշված գործողությունները էական վնաս են պատճառել քաղաքացու իրավունքներին և օրինական շահերին, պետության օրինական շահերին, հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը՝ ՀՀ ոստիկանությունը, խաթարվել է արդարադատության շահը, որն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ քաղաքացին դատապարտվել է ազատազրկման, որի արդյունքում խախտվել է վերջինիս ազատության իրավունքը՝ որպես բարձրագույն արժեք:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20