Ովքեր և ինչու են ապրում կառավարական ամառանոցներում

- in Իրավունք
Dacha karavarakan amaranoc

ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ – կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ արտագաղթի մեծ ալիքը պետք է իշխանություններին ստիպի փոխել իրենց վերաբերմունքը պաշտոնյաների առանձնատների վերաբերյալ:

Նա ասաց, որ Պռոշյան – Դեմիրճյան խաչմերուկում՝ ամառանոցներում են բնակվում նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, նաև ՍԴ նախագահը. «Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների սուղ պայմանները՝ պետք է այդ մարդկանց համար ոչ թե մենք բնակարաններ վարձակալենք ու այդ գումարը մեր գրպանից տանք, այլ թող իրենք գնան իրենց տներում բանկվեն, և այդ գումարներն ուղղվեն ՀՀ կարիքավոր քաղաքացիներին: Որ իրավական հիմքով են այդ մարդիկ այնտեղ բնակվում»:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ի պատասխան ասաց, որ նմանատիպ բնակելի տներ ստեղծվում են բազում երկրներում: Խոսքը վերաբերում է սահմանափակ թվով բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց անվտանգության ապահովման համար անհրաժեշտ են նմանօրինակ տներ: Եթե այդ անձինք շարունակեն բնակվել իրենց տներում, ապա, Դավիթ Հարությունյանի խոսքով, չի բացառվում, որ անվտանգության միջոցառումները պետական բյուջեի վրա ավելի թանկ կնստեն: Նա նշեց, որ թեև որոշ պաշտոնյաներ պետք է բնակվեին այնտեղ, սակայն հրաժարվել են այդ ծառայությունից:

Զարուհի Փոստանջյանը հորդորեց հրապարակել թվեր, թե որքան է բյուջեից հատկացվում, որպեսզի այս անձինք ապրեն կառավարական առանձնատներում. «Ձեր ՀՀԿ տատիկը բազմիցս ինձ դիմել է և խնդիր ունի բնակարանի հետ կապված: Երևի ձեր ՀՀԿ տատիկին էլ այդտեղ մի տարածք տաք, որ այդ կինը բնակվի»:

Դավիթ Հարությունյանը չպատասխանեց գումարի մասին հարցին: Նա ասաց, որ որևէ պաշտոնյա չի կարող հանպատրաստից նման թվեր հրապարակել. «Ձեր տատիկի վերաբերյալ, ես չհասկացա, թե ինչ եք առաջարկում մեզ անել: Եթե ձեր տատիկը ձեզ մտահոգում է…», ՀՀԿ տատիկի վերաբերյալ հարցը չհասկացավ Դավիթ Հարությունյանը: Ճշտելով հարցը՝ նա ասաց, որ ՀՀԿ-ն տատիկ չունի, ՀՀԿ տատիկը հավանաբար Փոստանջյանի տատիկն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20