Ուրեմն` ՀՅԴ նոր պատգամավորը մանդատը չի գնե՞լ

- in Պնակալեզներ

ՀՅԴ խմբակցության նոր պատգամավոր Կարեն Շահմուրադյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան հայտարարեց, որ այսուհետ բիզնեսով չի զբաղվելու ու պարզապես կոճակ սեղմող պատգամավոր չի լինելու:

Մինչդեռ` նրա անունը կապվում է բիզնեսների հետ, ինչպե՞ս է ԱԺ պատգամավորի աշխատանքը համատեղելու բիզնեսի հետ. «Բնականաբար, ես բիզնեսով հիմա էլ չեմ զբաղվելու: Որևէ մեկին գաղտիք չէ, որ այդ բիզնեսը մենք ժառանգել ենք, բիզնեսի մեջ մենք եղբորս հետ միասին ենք, բիզնեսով կզբաղվի եղբայրս»:

Պարզվում է, նա չգիտի ԱԺ այդպիսի պատգամավորների, ովքեր զուգահեռ զբաղվում են բիզնեսով, որովհետև հստակ օրենք կա, որը սահմանում է, որ պատգամավորներն իրավունք չունեն բիզնեսով զբաղվել. «Ովքեր պատգամավորի աշխատանքով են զբաղվում, բիզնեսով չեն զբաղվում: Հնարավոր է, որ ունեն արժեթղթեր, ընդհանուր փաթեթի մեջ սեփականատեր են, այսինքն՝ ակցիոներ, բայց անմիջապես չեն զբաղվում բիզնեսով»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը, Կարեն Շահմուրադյանը հուսով է, որ ապագայում կտեսնենք արդյունքը: Եթե կողմերը կարողանան համերաշխ աշխատել, ինքը վատ բան չի տեսնում:

Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե ինքը բավական կլոր գումար է տվել ՀՅԴ-ին՝ համամասնական ընտրացուցակում հայտնվելու համար, Կարեն Շահմուրադյանը պատասխանեց. «Չեմ հասկանում՝ ո՞վ է տարածում այս լուրերը: Կարդացել եմ, գրված է մեկ միլիոնի մասին: Ինչի՞ համար ես պետք է մեկ միլիոն վճարեմ, եկեք հասկանանք: Այդ մանդատը, եթե ես գործարար եմ, ինչո՞վ պետք է օգնի ինձ, որ ես բարելավեմ իմ բիզնեսը: Ես ինձ չեմ համարում ոչ հաջողակ բիզնեսմեն, որը կարիք կունենար հայտնվելու պառլամենտում, որ լծակներ ստեղծի ու բարելավի ոչ լավ կարգավիճակը: Մենք նման խնդիր չունենք: Մեր բիզնեսը նորմալ է»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20