Պերմյակովը ստել է. նոր հանգամանքներ՝ վկաների հարցաքննության ընթացքում

- in Ով ով է ...
Permyakov

Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Ավետիսյանների դաժան սպանության գործով հարցաքննվում են դատակոչված վկաները, որոնց մի մասը հիմնականում ռուս զինծառայողներ են: Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը երեկ Armtimes.com-ի հետ զրույցում որոշ էական հանգամանքներ է ներկայացրել, որոնք ի հայտ են եկել վկաների հարցաքննության ընթացքում: Վարոսյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև:

– Պարոն Վարոսյան, Ավետիսյանների սպանության գործովարդեն մի քանի վկաներ են հարցաքննվել, որոնց մեծ մասըսահմանապահ ջոկատի ծառայողներ են:Հարցաքննվածվկաների ցուցմունքներով, տուժող կողմի համար նոր էականհանգամանքներ ի հայտ եկե՞լ են այս ընթացքում:

– Մաս-մաս եթե անդրադառնալու լինենք, ապա առաջին հերթին խիստ զարմանալի է, թե ինչպես է Վալերի Պերմյակովը հայտնվել ՀՀ տարածքում գտնվող 102-րդ ռազմաբազայում՝ այն պայմաններում, երբ, այդ ռազմաբազայի սպաները ցուցմունք տալիս ներկայացնում էին զինվորի համար պահանջվող այնպիսի չափանիշներ, որոնց զինվորը պետք է համապատասխանի Հայաստան տեղափոխվելու համար: Մինչդեռ Վալերի Պերմյակովը նշված չափանիշներից և ոչ մեկին ընդհանրապես չի համապատասխանում: Այսինքն՝ ակնհայտ է, որ խնդիրներ ունեցող անձը, որը, ես կարծում եմ, ընդհանրապես Զինված ուժերում չպետք է ծառայեր, ոչ միայն ծառայել է՝ նաև նրան տեղափոխել են արտասահմանում գործող ռազմաբազա և տրամադրել հրազեն, և նա հրազենով հնարավորություն է ունեցել ծառայության վայրը լքել: Սա շատ կարևոր է, որովհետև պատասխանատվությունը, ես կարծում եմ, պետք է կրի ոչ միայն Վալերի Պերմյակովը:

Երկրորդ կարևոր հանգամանքը նրա փախուստն է: Այստեղ ևս շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ ակնհայտ դարձավ, որ Ավետիսյանների տունը չի եղել այն առաջին տունը, ուր փախուստից հետո մտել է կամ փորձել է մտնել Պերմյակովը: Սկսված որոնողական աշխատանքները, նրա փախուստից անմիջապես հետո, ցույց են տվել և հետագայում քրեական գործի նյութերով դա ապացուցված է, որ Վալերի Պերմյակովը այլ տներ էլ է փորձել մտնել, ինչը իրեն չի հաջողվել՝ այն պարզ պատճառով, որ տները եղել են կողպված: Այս մասով հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ ռուսական կողմը՝ թե 102-րդ ռազմաբազայի զինծառայողները, թե՛ նաև սահմանապահ ջոկատի զինվորները համատեղ որոնողական աշխատանքներ են կատարել Գյումրիի տարածքում, առանց ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների մասնակցության: Այսինքն, սկզբնական փուլում որոնողական աշխատանքները ռուսական կողմը ինքնուրույն է իրականացրել, և միայն որոշակի ժամանակ անց է, որ ՀՀ ոստիկանությունը սկսել է մասնակից լինել որոնողական աշխատանքներին, մինչդեռ իրականում հակառակը պետք է լիներ:

Երրորդ հանգամանքը նրա ձերբակալումն է: Խիստ հետաքրքրական էին նաև ռուս զինծառայողների ցուցմունքները Վալերի Պերմյակովի ձերբակալման հետ կապված: Մասնավորապես էական հակասություններ սկսեցին ի հայտ գալ հենց ռուս զինծառայողների ցուցմունքների մեջ: Անմիջականորեն ձերբակալում իրականացրած զինծառայողներից Խաչատրյանը հստակ ցուցմունք տվեց, որ ձերբակալումից 5 րոպե հետո դեպքի վայրում՝ այսինքն սահմանային կառույցների մոտ գտնվող հատվածում են եղել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայողները, հետագայում արդեն հաջորդ հարցաքննության ժամանակ այլ զինծառայողներ այս պնդումը մի փոքր վերաձևակերպեցին, և ազգային անվտանգության ծառայողները դարձան ոստիկաններ, և ստացվեց, որ այդ ոստիկանները եկել են Պերմյակովի ձերբակալությունից 40 րոպե անց, և ռուս զինվորականները նրանց չեն թողել ձերբակալման վայր:

Վերջապես, ցուցմունքներով պարզ դարձավ նաև այն, որ Պերմյակովին սահմանային ջոկատից դեպի ռազմաբազա տեղափոխել է ռազմաբազայի հրամանատարը՝ ՀՀ ոստիկանների ուղեկցությամբ: Բացի այդ, խիստ հետաքրքրական էր նաև բոլոր ռուս զինվորների կողմից իրականացված նկարագրությունը, թե ինչով են զբաղվել հայ իրավապահները ձերբակալումից հետո: Հարցաքննված զինծառայողներից որևէ մեկը որևէ կերպ չակնարկեց, թե հայ իրավապահները փորձել են Պերմյակովի փոխանցման հարցը  բարձրացնել, կամ փորձած լինեն իրենց հետ տանեն նրան, այլ ընդհակառակը՝ ուղեկցել են ռազմաբազա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20