Պուտինը՝ խաղաղության կողմնակի՞ց

- in Վերլուծական
Putin Vladimir

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սիրում է անակնկալներ մատուցել, ինչպես նաև ցույց տալ, որ իր երկիրը անկախ ուժ է միջազգային հարթակում, և նրան պետք է լուրջ վերաբերվել: Պուտինն, ըստ երևույթին, կոշտ ուժից անցնում է դիվանագիտության:

Մարտի 14-ին Կրեմլից հնչած հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը մաս-մաս դուրս է հանում իր զորքերը Սիրիայից, ամբողջովին Պուտինի ոճով էր: Նա ահազանգ հնչեցրեց առ այն, որ Ռուսաստանը հասել է իր հիմնական ռազմական նպատակներին, և հիմա ժամանակն է խաղաղ բանակցություններ պահպանել Ժնևում: Բանակցությունները պետք է վերսկսվեին նույն օրը:

Ավելին՝ Պուտինի տեսանկյունից, նա բոլորին ստիպեց մտածել և փորձել գուշակել իր իսկական նպատակներն ու հետագա քայլերը, թեպետ Պուտինի քայլերից կարելի է շատ եզրակացություններ անել:

Առաջինն այն է, որ Ռուսաստանն իր զորքերը չի հանում ամբողջովին: Նա կպահպանի իր ռազմածովային ներկայությունը Տարտուսում, տասնյակից ավելի արագընթաց ինքնաթիռներ կշարունակեն իրենց թռիչքները Լաթաքիայի օդակայանից, Սիրիայում կշարունակեն մնալ մոտ 1000 ռազմական փորձագետներ և հատուկջոկատայիններ, այնտեղ կմնան նաև վերջերս ուղարկված C-400 զենիթահրթիռային համակարգերը:

Եթե զգայուն զինադադարը խափանվի, Մոսկվան շատ արագ կարող է վերադառնալ: Սակայն առայժմ նա կարող է տնտեսել ռազմական ծախսերը, որ կազմում էր օրական 3 մլն դոլար՝ միաժամանակ պահպանելով ազդեցության լծակները:

Երկրորդ եզրակացությունն այն է, որ Պուտինի հայտարարությունը՝ Սիրիայում ռուսական զորքերի գլխավոր առաջադրանքի կատարման վերաբերյալ, ամբողջովին ցուցադրական էր: Նա փորձում էր համոզել, որ իր գործողությունները ուղղված էին գլխավորապես ԴԱԻՇ-ի դեմ, ոչ թե Բաշար Ասադի ռեժիմի պահպանման: Այն մոտ 9 հազար ռազմական թռիչքները, որոնք հոկտեմբերից իրականացրել են ռուս օդաչուները, բեկում մտցրեցին պատերազմի գործընթացում՝ հօգուտ ռեժիմի: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պարծեցավ, որ ռուսական ուժերը օգնեցին Սիրիայի կառավարական զորքերին վերականգնել վերահսկողությունը 400-ից ավելի բնակավայրերում և ազատագրել մոտ 10.000 քառ. կմ տարածք:

Թեպետ գլխավոր նպատակը ռեժիմի փրկությունն էր, այժմ հասկանալի է, որ Պուտինը բոլորովին էլ չէր պատրաստվում Ասադին տրամադրել ռազմական այն քարտ-բլանշը, որն Ասադին անհրաժեշտ էր իր վերահսկողությունը հաստատելու ողջ երկրի տարածքում: Երևում է՝ Կրեմլին դուր չեկավ վերջին շրջանում Ասադի ինքնավստահ պահվածքը, ինչպես նաև Ժնևի խաղաղ գործընթացին լրջորեն մասնակցելու նրա ցանկության բացակայությունը:

Պարզ չէ՝ պատրա՞ստ է արդյոք Պուտինը Ասադին թողնել ճակատագրի կամքին, եթե կարող է իր վճռական խոսքն ասել նրա իրավահաջորդին առաջադրելու ժամանակ: Այսպես թե այնպես, Ասադին հիշեցրին, որ ոչ թե պոչն է շարժում շանը, այլ շունն է շարժում իր պոչը:

Դա բերում է երրորդ եզրահանգման. հայտնի է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը քննարկել են Սիրիայի դաշնային կառույցի տարբերակը՝ որպես խաղաղության հաստատման միակ ճանապարհ: Ռուսաստանի համար ընդունելի բաժանման եզրագծերն արդեն տեսանելի են: Ալավիները, որոնց պատկանում է Ասադը, և որոնք վայելում են Ռուսաստանի և Իրանի աջակցությունը, կվերահսկեն արևմտյան հատվածը՝ Լաթաքիայից մինչև Դամասկոս: Հյուսիս-արևելքում կստեղծվի քրդական պետություն, մնացած շրջանները կտրվեն ընդդիմադիր սուննիներին, որոնք Արևմուտքի և Ռուսաստանի աջակցությամբ դուրս կմղեն ԴԱԻՇ-ին իր հենակետից՝ Ռաքքայից:

Ցավոք, տեղում առկա իրավիճակը չի ենթադրում այդքան պարզ լուծում: Բաժանման բազմաթիվ խոչընդոտներից մեկն այն է, որ դեռևս լուծված չէ մի քանի քաղաքների վերաբերյալ վեճը՝մասնավորապես Հալեպի և Հոմսի հարցը: Վերջին շաբաթների ընթացքում Ասադի զորքը շրջապատել է Հալեպը:

Չորրորդ եզրահանգումն այն է, որ ռուս և իրանցի ռազմական փորձագետներն այնքան էլ վստահ չեն Սիրիայի բանակի ռազմունակությանը: Իրանը աստիճանաբար սկսեց դուրս բերել իր ուժերը՝ տեսնելով, որ գնալով աճում են կորուստները:

Դեռ չափազանց վաղ է խոսել այն մասին, թե այս ամենը ինչպես կանդրադառնա ժնևյան բանակցությունների վրա, որը կազմակերպել և անց է կացնում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան: Իրանը և Սաուդյան Արաբիան առաջվա պես փշերի վրա են: Թուրքիայի և քրդերի միջև հակամարտությունը ավելի է սրվել: Թեպետ Պուտինը նրբանկատորեն հասկացրեց Ասադին և ընդդիմությանը, որ նրանք չեն ստանա այն, ինչ ուզում են, այսօր շատ քիչ են նշանները, որ կողմերը պատրաստ են փոխզիջման:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20