Ռուսաստանը 21-րդ դարում իրեն դրսևորում է՝ ինչպես 19-րդ դարում

- in Վերլուծական
Russia

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայնի» ուկրաինական ծառայությանը։ Ուշադրության կենտրոնում եղել է ամերիկա-ուկրաինական համագործակցությունը, Ղրիմի բռնակցումը և հակամարտության կարգավորման ջանքերում Մինսկի համաձայնագրերի դերը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Ղրիմի անօրինական բռնակցման համար չեն հանվի այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի վերադարձվի Ուկրաինային։ «Մենք երբեք չեն ճանաչի Ռուսաստանի գործողությունները։ Գիտեմ, որ շատերին դրանք կարող են պարզապես խոսքեր թվալ, սակայն մեկուսացման նման ձևն ու դատապարտումն ունեն արդյունավետության պատմական օրինակներ՝ ընդդեմ պետությունների անօրինական ու ագրեսիվ գործողությունների»։

Փաուերի խոսքով՝ իրենք եկել են այն եզրակացության, որ զենքով օգնությունն ուկրաինացիներին աղետալի կլինի բոլորի համար։ Նա նշել է, որ դա Պուտինի ընտրած մոտեցումն է՝ բավարարելու համար Ուկրաինայի հետ կապված իր հավակնությունները։ «Սակայն եթե մենք փորձենք գերազանցել Պուտինին ռազմականացմամբ, դա կնշանակի ավելի մեծ վնաս հասցնել ուկրաինացի ժողովրդին, որն առանց այդ էլ արդեն տուժել է այս հակամարտությունից։ Ես հասկանում եմ, որ շատերը հիասթափված են նման իրավիճակից, սակայն մենք ցուցաբերում ենք ոչ մահաբեր մեծ օգնություն»,- ասել է նա։

«Վստահ եմ՝ ժամանակը ցույց կտա Ռուսաստանի դեմ ուղղված մեկուսացման քաղաքականության արդյունավետությունը։ Արդեն հիմա տեսանելի է տնտեսական ու քաղաքական գինը, որը վճարում է Ռուսաստանն այն բանի համար, որ 21-րդ դարում իրեն դրսևորում է ինչպես 19-րդ դարում»,- ասել է Փաուերը՝ նշելով, որ վերջերս է տեսել վիճակագրությունը, համաձայն որի՝ 2013 թվականին Ռուսաստանի տնտեսությունը կազմել է ԱՄՆ տնտեսության 1/8-րդ մասը, իսկ հիմա՝ 1/16-րդ։ «Նման իրավիճակը չի կարող լավ լինել ռուսական էլիտայի, երկրի կառավարության ու նախագահ Պուտինի համար»,- ասել է Փաուերը։

Ռուսաստանի որոշ գործողություններ, որոք ձեռնարկվել են վերջին շրջանում, սպառնում են միջազգային աշխարհակարգին։ «Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքային հարաբերությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոմ Մալինովսկին։ Նրա խոսքով՝ աշխարհում գոյություն ունի այդ առնչությամբ լայն միջազգային կոնսենսուս։

«Ուժեղ և հաջողակ Ռուսաստանի գոյությունը, որը ճանաչում է օրենքի գերակայությունը, որը հարգում է իր հարևանների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և որը դրական ներդրում է անում համաշխարհային գործերում, բխում է ողջ աշխարհի շահերից»,- հայտարարել է Մալինովսկին՝ նշելով, որ ներկայում Ռուսաստանը չի խաղում նման դեր բոլոր ոլորտներում։

Պետքարտուղարի օգնականը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը երբեք չի վարել հակառուսական քաղաքականություն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շահագրգռված է, որ Ռուսաստանը լինի ուժեղ և ժողովրդավարական երկիր։

Մալինովսկին հավելել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը կարող են միասին աշխատել՝ հանուն գլոբալ անվտանգության ու բարգավաճման ապահովման։

Spread the love