Ռուսաստանի դերը Սիրիայում ավելի կառուցողական է, սակայն մեկուսացրել է իրեն միջուկային անվտանգությունից

- in Կարծիք
Russia

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ Սիրիայում Ռուսաստանի խաղացած դերը վերջին շրջանում ավելի կառուցողական է դարձել։

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Կուկը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր կարծիքով՝ այժմ Ռուսաստանը իսկապես Սիրիայում զբաղվում է հիմնականում ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման գրոհայինների դեմ պայքարով, ինչը կարելի է միայն դրական գնահատել։

ԱՄՆ-ը հույս ունի, որ Մոսկվան կարող է իր ազդեցությունը կիրառել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա՝ հակամարտության հետագա լիցքաթափման համար։

Կուկի խոսքով՝ արդեն հիմա Ռուսաստանը կարևոր դեր է խաղում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկման գործում։

«(Ռուսաստանի դերը) հիմա զգալիորեն ավելի կառուցողական է, քան նախկինում»,- ասել է Կուկը՝ բացառելով, սակայն, այս պահի դրությամբ Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում որևէ համագործակցության հնարավորություն։

Ռուսաստանը, հրաժարվելով մասնակցել միջուկային անվտանգության գագաթնաժողովին, մեկուսացրել է իրեն այդ հարցի քննարկման հնարավորությունից՝ լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ Բեն Ռոդսը։

«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի համար այդ մերժումը կարևոր բաներ քննարկելու կորսված հնարավորություն է։ Այն ամենը, ինչ նա անում է, մեկուսացնում է իրեն նման թեմաների քննարկումից»,- ասել է Ռոդսը։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը շարունակում են միջուկային անվտանգության հարցերով համագործակցությունը։ Նրա խոսքով՝ «դա շատ կարևոր է»։

«Աշխարհի համար կարևոր է տեսնել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համագործակցում են»,- ասել է նա։

Միջուկային անվտանգության գագաթնաժողովը կանցակցվի Վաշինգտոնում՝ մարտի 31-ից ապրիլի 1-ը։

ԱՄՆ-ն Իրանին չի հրավիրել միջուկային անվտանգության գագաթնաժողովին, քանի որ համարում է, որ այդ գործընթացում մասնակիցները պետք է ունենան կառուցողական դերակատարություն, հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի գլխավոր տնօրեն Լորա Հոլգեյթը:

«Գագաթնաժողովի նպատակն է, ինչպես մենք հայտարարել ենք հենց սկզբում, պատասխանատու քննարկումներում տարբեր դիրքորոշում և հեռանկարներ ունեցող երկրների համար լինել հարթակ, այլ ոչ թե դառնալ համաշխարհային քննարկումների ասպարեզ»,- ասել է նա:

«Մենք սպասում ենք, որ երկրները կունենան կառուցողական դերակատարություն: Այդ պատճառով Իրանը հրավեր չի ստացել»,- ավելացրել է Հոլգեյթը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20