Սա իրական պատմություն է Մարտի 1-ի մասին

- in Հրապարակ
Cuyc
Տպագրվել է Վասակ Դարբինյանի «Տարեգիր» թերթում 2009-ին, ես ընդամենը վերապատմել եմ.
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՈՌԵԱԼԻԶՄ
Միամիտ, բանից անտեղյակ տուն էի գնում։ Չէ, չեմ խաբում, հորս գերեզման։ Ուղեւոր ունեի` տեղ հասցրի ու ճամփա ընկա տուն։ Որ ասեմ` լրիվ անտեղյակ էի` չէ՛։ Տղերքը պատմում էին իրար, ես էլ ականջի պոչով լսում էի։ Դե, չէի խառնվում։ Ինձ ի՞նչ…
Հա՛, էդպես միամիտ-միամիտ գնում էի տուն։ Սովից փորս վեց-վեց էր անում։ Ես էլ որ սովածանում եմ, աշխարհն աչքիս մթնում է։ Ես չասեմ, դու չգիտե՞ս, որ մարդու ուղեղն ուղիղ գծով ստամոքսից է ղեկավարվում։ Հա, մի ծիծաղիր, հենց էլ` ուղիղ գծով։ Մտածում էի` շուտ հասնեմ տուն, բերանս մի բան գցեմ ու նորից գնամ գործիս։ Դե, եթե կռիվն սկսվել էր, ուրեմն` փախեփախ էլ կլիներ, ուղեւորի պակասություն չէի քաշի։ Հիմա կասես` էս ինչ մարդ է։ Սովորական մարդ եմ, ինչ-որ կամ` էս եմ։ Փորս կուշտ լինի, երեխեքս սոված-տկլոր չլինեն, ուրիշ բան չեմ ուզում։ Աչքածակ չեմ, գլուխս կախ աշխատում եմ, գլուխս կախ էլ ապրում եմ։ Չեմ գողանում, չեմ խաբում, արդար քրտինքով ընտանիքս պահում եմ։ Շառից հեռու։ Բայց եթե շառը մտքին դրեց, չի հարցնի` գլուխկախ ես, թե գլուխկախ չես, կգա ու փչացած կնկա նման կկպչի, պոկ չի գա։
Ի՞նչ էի ասում։ Հա՛։ Աստվածավախ եմ։ Եկեղեցի էլ եմ գնում, մոմ էլ եմ վառում։ Ու որ գնում եմ ու որ մոմը վառում եմ, սրտումս կուտակվածն էլ հենց Իրեն եմ ասում։ Դե, ասում եմ` Աստված ջան, երեխեքիս քաղցր աչքով նայի, մի քիչ փողս ավելացրու, մի քիչ կյանքս հեշտացրու։ Ասում եմ` Աստված ջան, էս կյանք չի ախր։ Ասում եմ` մի բան արա, հոգուդ մատաղ, էս գող-ավազակ-մարդասպաններից պրծնենք։ Հա՛, ասում եմ։ Աստծուն եմ ասում, ուրիշ ոչ մեկի։ Ի՞նչ գործ ունեմ, ցավուդարդս քի՞չ է։ Շան նման չարչարվում եմ առավոտից իրիկուն, որ մի քանի գրոշ աշխատեմ, էդ էլ ձեռիցս խլեն, ինձ էլ մի պուճախում կալմեջ անեն` սատկացնեն, երեխեքիս ո՞վ է պահելու։ Հա, Աստծուն ամեն ինչ ասում եմ, չեմ վախենում։ Էս վերջերս որ գնում եմ եկեղեցի, մի բան էլ եմ խնդրում։ Ասում եմ` ախպորս լավ նայիր, Աստված ջան։
…Ախպե՞րս։ Դե, էդ եմ պատմում, էլի, տղա ջան։ Միամիտ, բանից անտեղյակ տուն էի գնում, որ մի կտոր հաց ուտեմ։ Ասա` էդ օրն էլ սոված մնայիր, չէիր սատկի։ Ախր ի՞նչ իմանայի… Տղերքը պատմում էին, ես էլ ականջի պոչով լսում էի, բայց ո՞վ կպատկերացներ, որ էդ վիճակն է։ Եկա հասա էդ կողմերը։ Ուրիշ ճամփով էլ կարող էի տուն հասնել, բայց ի՞նչ իմանայի, որ աշխարհի վերջը եկել` էս մեր անտեր երկրի բկին է չոքել։ Դեռ խաչմերուկին չհասած` փոշմանեցի, ուզում էի ետ դառնալ, բայց արդեն ուշ էր։ Տեսա` հենց իմ տաքսիի նման մի տաքսի է գալիս դիմացից։ Մի քիչ սրտապնդվեցի` էս լավ է, անցուդարձ կա, մի կերպ տուն կհասնեմ։ Մեկ էլ էդ ուսադիրավոր գելուգազանները տաքսու դեմը կտրեցին։ Իմը չէ, դիմացի տաքսու դեմը։ Տաքսու դեմը կտրեցին ու հո չեն կրակում։ Խեղճ մարդը մի կերպ իրեն դուրս գցեց, ձեռքերը բարձրացրեց ու մի ձենի գոռում էր` ախպերներ ջան, մի կրակեք, տաքսիստ եմ, ցուցարար չեմ, տաքսիստ եմ։
Մի րոպե, մի հատ ծխախոտ կպցնեմ։ …Ի՞նչ ասեմ։ Չասես` տաքսի է քշում, ուրեմն` անգրագետ մարդ է։ Ըհը, տես, առանց գրքի ոտս չեմ հանում տնից։ Հենց պարապ եմ մնում, կարդում եմ։ Դե, ինչ ձեռս է ընկնում, էդ էլ կարդում եմ։ Էս երկու օրը հարեւաններիցս մեկը սա տվեց, ասաց` կարդա, մեր Եղեռնի մասին է։ Սատանի բան է, տղա ջան։ Հենց է’դ ժամանակ, հենց է’դ օրը հենց է՞դ գիրքը պետք է կարդայի։
Պինդ մարդ եմ, չկարծես` ծնկներից թույլ եմ։ Երեխա ժամանակը հանած, 88-ի երկրաշարժի օրն եմ լաց եղել ու մեկ էլ` էդ օրը լաց եղա։ Բայց, տղա ջան, երկրաշարժի տերը բնությունն է` մեր ձեռն ի՞նչ կա։ Մենք ո՞վ դառանք, որ բնությանը հաղթենք։ Բայց էս մի ուրիշ զուլում էր։ Մեր շան տղերքը մերոնց էին կոտորում։ Լավ էր, հասցրի տաքսին անկյուն քաշել ու լույսերն անջատել։ Չտեսան ինձ։ Ի՞նչ ասեմ, ո՞նց ասեմ։ Եղունգներս մսիս մեջ խրած, կուչ եկած` մի բուռ դառած նայում էի, թե ոնց են տասը-տասնհինգ կռտած ուսադիրավոր անասուն էդ մարդուն ոտքի տակ գցած ջնջխում։ Ջնջխում էին, տղա ջան։ Ոտքով, ավտոմատի խզակոթով, մահակով… Սատկացնում էին, տղա ջան։ Մատներով աչքերս սեղմում էի, որ բներից դուրս չգան, տղա ջան։ Թաղի տղա եմ, կռիվ էլ եմ տեսել, կռիվ էլ եմ արել, ամեն ինչ տեսած մարդ եմ, էդպիսի բան տեսած չկայի։ Մարդ չէր մնացել, չկա՛ր, ասֆալտին էր խառնվել, ասֆալտ էր դարձել, տղա ջան, բայց շարունակում էին խփել։ Խփում էին ու խփում։ Էդ ի՞նչ էին անում։ Եթե հայերեն չհայհոյեին, կմտածեի` Թալեաթն ու Էնվերը գերեզմանից դուրս են եկել ու իրենց ենիչերիներին դեմները գցած` մտել Երեւան։ Աչքիս առաջ էդ խեղճ մարդուն ասֆալտեցին, տղա ջան։
Սիրտս բարակել է… Կներես։ Հաջորդ օրը հեռուստացույցով էդ տաքսին ցուց տվեցին ու հիվանդանոցում պառկած մի մարդու։ Դեմքին մի-երկու քերծվածք էր։ Մի քիչ տնքտնքաց, մի քիչ ֆսֆսաց ու ասաց` գոհ ու շնորհակալ է հարազատ իշխանությունից։ Վերջում էլ ասաց` առաջ, Հայաստան։ Ինքը չէր, տղա ջան։ Քեզ եմ ասում ու մեկ էլ իմ Աստծուն եմ ասել։ Երկու երեխուս արեւով եմ երդվում ու հորս սուրբ գերեզմանով` իմ տեսած մարդը իմ աչքի առաջ ասֆալտի հետ գնաց կորավ էս աշխարհից։
Հետո՞։ Էլ ի՞նչ հետո։ Էդ մարդուն եմ պարտական, որ ապրում եմ։ Ինքը չլիներ, ես էի ընկնելու էդ մարդակերների ձեռքը, տղա ջան։ Կյանքս փրկեց իմ անծանոթ ախպերը։ Ասեմ` շնորհակալ եմ, որ փրկե~ց… Լեզուս չորանում է բերանումս, չեմ կարողանում ասել։ Հա՛, ապրում եմ։ Էլի գլուխս կախ գործի եմ գնում, էլի շառից հեռու ընտանիքիս հոգսն եմ քաշում, բայց մի պտուտակ թուլացել է ներսս։ Մեքենան ո՞նց է, մի պտուտակ էլ թուլանա` սկսում է խռխռացնել։ Էդպես խռխռացնելով ապրում եմ։ Ոնց որ ուրիշի տեղն ապրեմ։ Իմ անծանոթ ախպոր տեղը։
Ներող եղիր, տղա ջան, սիրտս լիքն է, պայթում է։ Աստված էր ուղարկել քեզ` ճամփան երկար էր, հասցրի սիրտս դատարկել։ Հենց լույսը բացվի, վեր կկենամ ու ուղիղ կգնամ եկեղեցի։ Կգնամ, կխնդրեմ իմ տեր Աստծուն, որ երեխեքիս քաղցր աչքով նայի, մի քիչ փողս ավելացնի, մի քիչ կյանքս հեշտացնի։ Մոմ կվառեմ ընտանիքիս ու մեկ էլ անծանոթ ախպորս համար։ Դե, գնա, տղա ջան, ու ինչ որ պատմեցի, ոչ մեկի չասես։ Շառից-փորձանքից հեռու։ Չնայած էդ անտեր շառը չի հարցնում` գլուխկախ ես, թե գլուխկախ չես։ Թե մտքին դրեց, փչացած կնկա նման կգա կկպչի ու պոկ չի գա։
Լիզա ՃԱՂԱՐՅԱՆ; ֆեյսբուք
Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20