Սկսվել է Ավագ Շաբաթը

ekexeci

Այսօր սկսվել է Ավագ Շաբաթը, որը խորհրդանշում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի տնօրինությունները։

Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր իր խորհուրդն ունի:

Ամեն օր

Առավոտյան ժամերգություն՝ սկիզբը ժ. 9.00-ին

Երեկոյան ժամերգություն՝ սկիզբը ժ. 17.00-ին

Մարտի 21` Ավագ երկուշաբթի Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և տաճարը մաքրելու օրն է:

Մարտի 22` Ավագ երեքշաբթի Տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է: Նույն օրը Երուսաղեմի տաճարում լսվել է երկնային ձայնը, Տաճարի կործանման կանխատեսումը, Տաճարից Քրիստոսի վերջնականապես հեռանալը: Եկեղեցին Ավագ երեքշաբթի հիշատակում է տասը կույսերի առակը եւ Վերջին Դատաստանի բացատրությունը, ինչպես նաեւ Ջրհեղեղը եւ մարդկության կրկին սկզբնավորումը:

Մարտի 23` Ավագ չորեքշաբթի Քրիստոսի մատնության հիշատակի օրն է: Հիշատակվում է Քրիստոսի օծումը եւ Հուդայի մատնությունը: Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանշում է Տիրոջ մոտալուտ մահը: Օծմանը հաջորդում է Հիսուսին մատնելու Հուդայի որոշումը:

Մարտի 24` Ավագ հինգշաբթի Մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրն է: Այդ օրը Ս. Հաղորդության խորհուրդը հաստատվեց: Միջօրեին մատուցվում է Սբ. Պատարագ: Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ: Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը: Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ:

Ավագ հինգշաբթի առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ: Հանդիսավոր Սբ. Պատարագ` ժ. 11.00-ին: Ոտնլվայի կարգը կսկսվի ժ. 16.30-ին: Ընթացքում կօրհնվի յուղը: Հսկում, կամ Խավարում` սկիզբը` ժ.19.00-ին:

Մարտի 25` Ավագ ուրբաթ Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է: Առավոտյան կատարվում է ժամերգություն, ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը: Ավագ ուրբաթ պատարագ չի մատուցվում, որովհետեւ Քրիստոս պատարագվեց խաչի վրա: Երեկոյան արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը: Խաչելության կարգ` սկիզբը ժ. 11.00-ին: Թաղման կարգ և հանդիսավոր թափոր. սկիզբը` ժ. 17.00-ին:

Մարտի 26` Ավագ շաբաթ Դժոխքի ավերում, Ճրագալույցի Սբ. Պատարագ: Քրիստոսը մահից հետո իջավ դժոխք, ավերեց այն` փրկություն շնորհեց արդարների հոգիներին: Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ: Հընթացս Ճրագալույցի Սբ. Պատարագի, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը, վերջանում է նաեւ Մեծ Պահքը: Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ. Հաղորդության նախատոնակ: Ճրագալույցի Սբ. Պատարագի սկիզբը ժ. 18.00-ին:

Մարտի 27` Կիրակի Սուրբ Զատիկ: Հարություն Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի: Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Սկիզբը ժ. 11.00-ին:

Մարտի 28` Երկուշաբթի Ննջեցյալների հիշատակության օր` Մեռելոց: Սբ. Պատարագ և ընդհանուր հոգեհանգիստ: Սկիզբը ժ. 10.30-ին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20