Վայ քո. Հանկարծակի հանդիպում մեկ տարի անց

- in Հրապարակ
Serzh Gagik

«Ռոսիա Մոլ» առեւտրի ժամանակակից կենտրոնի բացմանը Սերժ Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին: Նրանք իրար ձեռք են սեղմել, հարցրել միմյանց որպիսությունը:

Չնայած 2015 թ. փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը նրան հեռացրեց քաղաքականությունից, սակայն նշեց, որ ինքը խնդիր չունի գործարար Ծառուկյանի հետ: Քաղաքական գործիչ Ծառուկյանը կրկես էր, ըստ նրա, իսկ գործարար Գագիկ Ծառուկյանի հետ խնդիրներ չկան:

Սերժ Սարգսյանը բարի գտնվեց նրա հանդեպ՝ կարող էր թողնել քաղաքականության մեջ ու ի վերջո հաշվեհարդար տեսնել նրա հետ, որի արդյունքում Ծառուկյանը կկորցներ ամեն ինչ: Նա ընտրություն թողեց Ծառուկյանին, եւ չնայած այդ օրերին կարծես թե Ծառուկյանը չէր պատկերացնում, թե ինչ է կատարվում, ի վերջո ընտրեց գործարարությունը, կյանքի վայելքները:

Դրանից հետո «բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունն» անէացավ մի քանի րոպեում, մշուշի պես: Ինքը Ծառուկյանն ազատվեց մի ահավոր բեռից ու պատասխանատվությունից, որի մասին պարզվեց պատկերացում էլ չուներ: Դրանից հետո նրա գործերը հաջողակ են, իշխանության բարեհաճությամբ նա բացում է նոր օբյեկտներ, որոնց անձամբ մասնակցում է Սերժ Սարգսյանը, մասնակցում է նաեւ այլոց բացած օբյեկտներին:

Անցած մեկ տարում սակայն Ծառուկյանի օրինակը դաս չդարձավ մյուս օդիոզ կերպարների համար, ովքեր դեռ «քաղաքականության» մեջ են: Ճիշտ է, նրանք հասկացան, թե ինչ կարող է լինել «բուրժուադեմոկրատական հեղափոխության» դեպքում, սակայն չհասկացան ամենակարեւորը՝ քաղաքականությունն իրենց տեղը չէ: Կամ գուցե հասկացան, բայց նրանց թույլ չեն տալիս հեռանալ, մինչեւ գա բամփելու պահը:

Եվ ահա, մեկ տարի անց, նույն փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը նոր ելույթ ունեցավ, որը փաստացի հին պայմանագիրն ու համակարգը ապամոնտաժելու հայտ էր: Համակարգը պահվել էր այս դեպքի համար՝ հնչեղ «զոհաբերություններով» նոր պայմանագիրը հաստատելու համար:

Այնպես որ, կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ նրանք երանի կտան Գագիկ Ծառուկյանին: Ռոսիա մոլում Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը գուցե դրա մասին են զրուցել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20