Վարդան Օսկանյանը նոր կուսակցություն է ստեղծում, մանրամասներ

- in Ով ով է ...
Vardan Oskanyan

Այսօր խորհրդարանում` լրագրողներիս հետ զրույցում, ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց կուսակցություն ստեղծելու մասին.

«Ես կուսակցություն եմ ստեղծում իմ համախոհների հետ, մենք մեր ծրագիրն ունենք: ԲՀԿ-ն այն կուսակցություններից է, որի հետ կարող ենք լայն համագործակցություն ծավալել: Իմ կողմից կուսակցություն ստեղծելը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ»: Նա հավելեց, որ Ռ. Քոչարյանի հետ նորմալ հարաբերությունների մեջ է, պարբերաբար հանդիպում է նրա հետ. «Ես ինձ չեմ դնելու այն վիճակի մեջ, որ ես փորձեմ մարդկանց բան ապացուցել: Ես այդ իշխանության մաս եմ եղել և հենց մարտի 1-ի օրը, խորհուրդ կտամ թարմացնել ձեր հիշողությունը, կա իմ ելույթը, որ կրակոցներից 3-4 ժամ առաջ է եղել… Ուղղակի օդում զգալով, որ լարված իրավիճակ է և նման զարգացումներ կարող են լինել, փորձել եմ կանխել: Ես շահեկանորեն տարբերում եմ մյուս քաղաքական գործիչներից, որ այդ պատասխանատվություն եմ վերցրել: Համարձակություն եմ ունեցել կանգնել կամերայի առաջ` կոչ անել` և հանրապետության նախագահին, և ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել, որպեսզի խուսափենք մարտի 1-ից»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածին, ապա Վարդան Օսկանյանն ասաց, որ թեև Քոչարյանի իշխանությունը բազմաթիվ թերություններ է ունեցել, բայց նաև մեծ հաջողություններ են եղել. «Հատկապես այսօրվա տնտեսական իրավիճակի ու արտաքին քաղաքականության ֆոնին է դա նկատելի: Հասարակությունը շատ հարցերում դրական է հիշում այդ շրջանը: Եկեք ամեն ինչ չսևացնենք»:

Կօգնի՞ Ռոբերտ Քոչարյանի անունը իր կուսակցությանը, Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ իրենք կաշխատեն, իսկ ժողովուրդը իր գնահատականը կտա»: Նա նաև չբացառեց, որ ԲՀԿ-ից հեռացած պատգամավորները կարող են համալրել իր կուսակցության շարքերը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20