Վրաստանը նախընտրեց ադրբեջանական գազը

- in Տնտեսական
Gaz

Վրաստանն այլևս չունի ո՛չ Ռուսաստանից և ո՛չ էլ Իրանից հավելյալ ծավալի բնական գազ գնելու կարիք:

Երեկ՝ մարտի 7-ին, այսպիսի  հայտարարություն է արել Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևի հետ Թբիլիսիում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ: Վրացական և ադրբեջանական կողմերը ստորագրել են համաձայնագիր, ըստ որի՝ Ադրբեջանը ամբողջությամբ կբավարարի Վրաստանում գազի պահանջարկը: Պայմանագրի համաձայն՝ Վրաստանը հավելյալ 500 միլիոն խորանարդ մետր գազ կստանա Ադրբեջանից:

Այս համաձայնությունը գուցե չառաջացներ մեծ հետաքրքրություն և չստիպեր փնտրել քաղաքական ինչ-որ ենթատեքստեր, եթե չլինեին վրաց-ռուսական բանակցությունները գազի մատակարարման հարցի շուրջ: Հիշեցնենք, որ վերջին շրջանում Վրաստանը ակտիվ բանակցություններ էր սկսել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ, որպեսզի վերջինս լրացնի բնական գազի այն պակասը, որը այժմ, փաստորեն, լրացնելու է Ադրբեջանը: Ռուսաստանի և Վրաստանի, ինչպես նաև Վրաստանի և Իրանի բանակցությունները գազի շուրջ ի հայտ էին բերում նոր զարգացումներ տարածաշրջանում, որոնք, անշուշտ, որոշակիորեն փոխելու էին 2008թ. վրաց-ռուսական պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրադրությունը: Այժմ Վրաստանը հայտարարում է, որ թեև Ռուսաստանի հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել, բայց իրենք գազի հավելյալ ծավալների կարիք չունեն: Կախա Կալաձեն տեղեկացրել է, որ իրենք ուղարկել են վերջին առաջարկը ռուսական «Գազպրոմ»-ին, ըստ որի՝ Վրաստանը նախկինի պես կստանա Հայաստանին մատակարարվող բնական գազի 10 տոկոսը:

Ավելորդ չէ նշել, որ Վրաստան-Ադրբեջան համաձայնության նախորդ օրը վրացական ընդդիմության հազարավոր ներկայացուցիչներ բողոքի ակցիա էին արել Թբիլիսիի փողոցներում «Գազպրոմ»-ի հետ կառավարության վարած բանակցությունների դեմ՝ կազմելով 7 կմ երկարությամբ կենդանի շղթա:

Ինչո՞ւ Վրաստանը բանակցություններ սկսեց Ռուսաստանի և Իրանի հետ, եթե ի վերջո համաձայնության էր գալու Ադրբեջանի հետ: Վրաց և ռուս մի շարք փորձագետներ ասում էին, թե Վրաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ քաղաքականությունը, բայց Վրաստան-Ադրբեջան համաձայնագրից հետո այս տեսակետը փոքր-ինչ անհասկանալի է դառնում: Կարելի է եզրակացնել, որ, օրինակ, ռուսների և իրանցիների հետ բանակցելու իրական նպատակը Ադրբեջանի հետ ավելի ուժեղ դիրքերից բանակցելն ու ավելի լավ պայմաններով պայմանագիր կնքելն էր:

Վրացի քաղաքական գործիչ, քաղաքագետ Դեմուր Գիորխելիձեի կարծիքով՝ վրաց-ադրբեջանական գազային համաձայնությունը, իհարկե, տնտեսական է, բայց ունի քաղաքական որոշակի համատեքստ: Այդ համատեքստն այն է, որ վրացիները Ռուսաստանի, Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով փորձում են գտնել «ոսկե միջինը» և պահպանելով լավ հարաբերությունները հարավկովկասյան երկրների հետ՝ թուլացնել քաղաքական լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Մեր զրուցակիցը նաև կարծիք հայտնեց, թե Ադրբեջանի հետ համաձայնագիրը որևէ կապ չունի հայ-վրացական հարաբերությունների հետ, և դա որևէ կերպ չպիտի անհանգստություն առաջացնի Հայաստանում. «Կարծում եմ՝ սա սովորական պայմանագիր է և որևէ կերպ կապված չէ վրաց-հայկական հարաբերությունների հետ: Ես բազմիցս նշել եմ, որ Վրաստանի և Հայաստանի հարաբերությունների ներկայիս մակարդակը բավարար չէ և պիտի ավելի խորացվի: Հայաստանը չպետք է անհանգստանա, սա սովորական պայմանագիր է, պարզապես ավելանում է Վրաստանին մատակարարվող գազի ծավալը»

– Պարոն Գիորխելիձե, իսկ ինչո՞ւ էր Վրաստանը բանակցում Ռուսաստանի հետ, եթե ի վերջո Ադրբեջանը պիտի բավարարեր Վրաստանի պահանջարկը գազի հարցում:

– Վրաստանն այժմ հավելյալ գազի կարիք ունի, և համաձայնագիրը կապված է միայն դրա հետ: Ե՛վ Ադրբեջանն է գազ մատակարարելու Վրաստանին, և՛ Ռուսաստանը, որը գազ է տարանցում Հայաստան Վրաստանի տարածքով, և դրանից տոկոսներ են մնում Վրաստանին, և սա, այնուամենայնիվ, շարունակվելու է: Այստեղ որևէ փոփոխություն չկա:

– Հարցն այն է, որ Ռուսաստանը պիտի ավելացներ մատակարարվող գազի ծավալները:

Այո, այո: Գիտեք, այժմ մենք փնտրում ենք ինչ-որ «ոսկե միջին», որպեսզի մի կողմից՝ լավ հարաբերություններ պահպանենք Հարավային Կովկասի ներսում, մյուս կողմից՝ հսկայական խնդիրներ ունենք Ռուսաստանի հետ, և գազային համագործակցությունը հնարավորություն է տալիս ինչ-որ ժեստ անել, որը հնարավորություն կտա թուլացնել քաղաքական լարվածությունը: Կարծում եմ՝ կգտնվի համապատասխան ձևաչափ Ռուսաստանի հետ վատ հարաբերությունները կարգավորելու համար:

– Ի դեպ, Կախա Կալաձեն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել:

– Այո, բանակցությունները շարունակվում են, պարզապես նախկին իշխանության ներկայացուցիչները Սաակաշվիլիի կուսակցությունից դեմ են հանդես գալիս այդ բանակցություններին:

– Իսկ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական ենթատեքստ չկա՞ այստեղ:

Իհարկե, միշտ էլ գոյություն ունի որոշակի քաղաքական ենթատեքստ: Այդ բանակցությունները ունեն առկա քաղաքական լարվածությունը նվազեցնելու նպատակ: Եկեք պարզ խոսենք. այս բանակցությունները հենց քաղաքականության համատեքստում են:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20