Վրաստանում 2017 թվականին կարգելվի աջ ղեկով ավտոմեքենաների գրանցումը

Georgia

Վրաստանում աջ ղեկով ավտոմեքենաների գրանցման վրա արգելք դնելու հարցը հետաձգվել է մինչև 2017 թվականի հունվար։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին։

Համապատասխան օրինագիծը, որը պատրաստել է Վրաստանի ՆԳՆ-ն, խորհրդարանին ներկայացվել է նախորդ տարվա դեկտեմբերի վերջին։ Այն նախատեսում էր աջ ղեկով ավտոմեքենաների գրանցումն արգելել այս տարվա մարտի 1-ից։

Դա հարուցել էր ինչպես վարորդների, այնպես էլ ավտոմեքենաներ ներկրողների բացասական վերաբերմունքը, որոնք ՆԳՆ-ից պահանջել են հավելյալ ժամկետներ՝ բիզնեսի վերափոխման համար։ Խուցիշվիլին հայտարարել է, որ իրենք ընդառաջել են նրանց և հատուկ չեն շտապում այդ հարցում, որպեսզի գործընթացի բոլոր մասնակիցները կարողանան մասնակցել քննարկումներին ու խորհրդակցություններին։

Խուցիշվիլին ընդգծել է, որ ավտոներկրողների հետ խորհրդակցությունների հիման վրա արդեն ընդունվել է մեկ որոշում, որի համաձայն՝ աջ ղեկով ավտոմեքենաների գրանցումը կարգելվի հաջորդ տարվա հունվարից։

Վրաստանի ԱԳՆ-ում աջ ղեկով ավտոմեքենաների գրանցման արգելքը պատճառաբանում են դրանց չափազանց մեծ քանակով, ինչը ստեղծում է որոշակի խնդիրներ, քանի որ երկրի ճանապարհային ենթակառուցվածքները նախատեսված են ձախ ղեկով ավտոմեքենաների համար։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20