«Վրացական երազանքը» բաժանվում է նախընտրական սուբյեկտների

Georgia

Վրաստանի արևմտամետ Հանրապետական կուսակցությունը, որը մտնում է «Վրացական երազանք» իշխող դաշինքի կազմում, որոշել է ինքնուրույն գնալ խորհրդարանական ընտրությունների, որոնք կայանալու են աշնանը:

Պաշտոնապես այդ մասին կհայտարարվի ավելի ուշ, սակայն թերթի տվյալներով՝ հարցը կարելի է համարել լուծված: Հանրապետականներն ընդգծում են, որ դա չի նշանակում, թե իրենք դուրս են գալիս դաշինքի կազմից, կամ էլ հրաժարական են տալու խորհրդարանում ու կառավարությունում ներգրավված իրենց ներկայացուցիչները: Դա ընդգծել է նաև կուսակցության հիմնադիր Լևան Բերձենիշվիլին:

Ընդ որում՝ այդ խոստումը չի վերացնում այն լուրջ տարաձայնությունները, որոնք գոյություն ունեն դաշինքի ներսում: Հանրապետական կուսակցության նախագահ Խաթունա Սամնիձեն հայտարարել է, որ կուսակցության ազգային կոմիտեն վերջնականապես հաստատել է այն որոշումը, որ կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին: «Վրացական երազանքի» ղեկավարությունում դեմ չեն նման սցենարին:

«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է, որ վատ չէր լինի, եթե դաշինքի մեջ մտնող կուսակցություններն ինքնուրույն մասնակցեն ընտրություններին, իսկ հետո միավորվեն արդեն նոր խորհրդարանում:

Այդ գաղափարին աջակցել են նաև դաշինքի մյուս առաջնորդները՝ ներառյալ վրացական «գարեջրի արքա», «Արտադրությունը կփրկի Վրաստանը» կուսակցության առաջնորդ Գոգի Տոպաձեն:

Թերթի հետ զրույցում փորձագետները համոզվածություն են հայտնել, որ Հանրապետական կուսակցության դեմարշը որոշակիորեն կթուլացնի «Վրացական երազանքը» և դաշինքը կդարձնի ավելի խոցելի: Քաղաքագետ Ռամազ Սակվարելիձեն հայտարարել է, որ հենց հանրապետականներն են ասոցացվում արևմտամետ կուրսի հետ և ստեղծել են ողջ դաշինքի համապատասխան իմիջը:

Նրա կարծիքով՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Միասնական ազգային շարժում կուսակցությունը բաց չի թողնի Ռուսաստանին չափից ավելի համակրելու համար «Վրացական երազանքին» մեղադրելու հնարավորությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20