Փետրվար ամսվա համար գազի խիստ բարձր հաշիվներ են գալիս

Gaz

Նախորդ ամիսներին էկեկտրաէներգիայի հավելագրումներից բողոքող մեր համաքաղաքացիներն այս ամիս էլ զարմացած են գազի սպառման թվերից: Այս օրերին արդեն կատարվում են փետրվար ամսվա կոմունալ վճարները, և շատերն են անակնկալի գալիս, երբ տեսնում են գազի ծախսը:

Խնդիրն այն է, որ փետրվար ամսին եղանակը սովորականից շատ ավելի տաք է եղել, մարդիկ ամսվա գրեթե կեսը խնայողություններ են արել, սակայն գազի ծախսի դիմաց եկած հաշիվները չեն տարբերվում դեկտեմբեր ու հունվարի ամսվա հաշիվներից:

Փոստային բաժանմունքների աշխատակիցներն ասում են, որ շատերն են զարմանում՝ տեսնելով հաշիվները, քանի որ դրանք որոշ դեպքերում անգամ գերազանցում են դեկտեմբեր-հունվարի հաշիվները:

«Մարդիկ համատարած զարմանում են, երբ լսում են գազի թվերի մասին: Այս ամիս բողոքները շատ են»,- մեզ հետ զրույցում ասաց փոստային բաժանմունքի աշխատակիցը:

Գազի սպասարկման գրասենյակների աշխատակիցները բողոքող քաղաքացիներին մեկ ճանապարհ են ցույց տալիս՝ հորդորում են դիմում գրել ու բողոքել Գազպրոմ Արմենիայի գլխավոր գրասենյակին: Իսկ հավելագրումների զոհ դարձած քաղաքացիները կասկածներ ունեն, որ գազի կալորիականությունը արհեստականորեն իջեցվել է հենց Գազպրոմ Արմենիայի կողմից, ինչն էլ բերել է նրան, որ սովորականից ավելի շատ է եղել գազի ծախսը: Համենայնդեպս, վերջին շրջանում նման խոսակցություններ շատ են շրջանառվում:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ բարձրացվում է գազի ցածր կալորիականության հարցը։ Հայաստանի սպառողներին մատակարարվող գազի կալորիականությունը չպետք է 7600Կկալ/մ3-ից ցածր լինի: Նախորդ տարիներին Գազպրոմ Արմենիայի աշխատակիցները, ի պատասխան բողոքների, մի քանի անգամ հայտարարել են, թե իբր գազի կալորիականությունն ավելի քան 8000 Կկալ է:

2014 թվականին այս խնդրով անգամ քաղաքացիական հասարակությունը բողոքի լայն ալիք էր բարձրացրել, համեմատվել էր Հայաստանի ու Վրաստանի գազի կալորիականությունը, փաստեր էին ներկայացվել այն մասին, որ հատուկ սարքերի միջոցով նախկին ՀայՌուսգազարդ ընկերությունը նվազեցնում էր գազի կալորիականությունը:

ՀայՌուսգազարդի աշխատակիցներն այդպես էլ չկարողացան հանրությանը հակառակն ապացուցող հիմնավոր փաստեր ներկայացնել: Ի դեպ, գազի ցածր կալորիականության հարցը խորհրդարանում բազմիցս բարձրացրել են նաև պատգամավորները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20