ՓՊ-ում ով է էկլեր կերել, որտեղ, ինչ պայմաններում…

dat

Կարգապահական վարույթները փաստաբաններին լռեցնելու միջոց.

«Փաստաբաններին համատարած գաղտնալսում են, իսկ Փաստաբանների պալատն, այս հարցը թողած՝ քննարկում է, թե ով ասաց պնդուկ, ով ասաց պոպոկ, ով՝ չորքոտանի»,- Փաստաբանների պալատի խորհրդի նիստում իր վերաբերյալ կարգապահական վարույթի քննության ժամանակ հարց բարձրացրեց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Forrights.am. Խորհուրդը մարտի 17-ին գումարած նիստում Սահակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկեց՝ խորհրդի մեկ այլ անդամ Մարտուն Փանոսյանի դիմումի հիման վրա: Փանոսյանը խորհրդի այն անդամն է, ով ինքն իր դեմ դիմում էր գրել՝ հայտնելով, որ խորհրդի նիստերից մեկի ժամանակ լսել է, որ Լուսինե Սահակյանը խորհրդի անդամների հասցեին ցածրաձայն ասել է «ով են սրանք արա» արտահայտությունն ու դուրս եկել, իսկ երբ ինքը գնացել է նրա ետևից՝ պարզաբանում ստանալու, միջանցքում Սահակյանը վիրավորել է իրեն, ու ինքը հակադարձել է:

Դիմումով Փանոսյանը խնդրել է իր արարքում խախտում տեսնելու դեպքում իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկել՝ այսպիսով, փաստորեն, դիմում գրելով Լուսինե Սահակյանի դեմ: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմումի հիման վրա և՛ Փանոսյանի, և՛ Լուսինե Սահակյանի վերաբերյալ կարգապահական վարույթ էր հարուցել, ըստ որում՝ Փանոսյանի վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել:

Խորհրդի այս ազնվագույն անդամը՝ Փանոսյանն, արդեն տևական ժամանակ է, Հանրապետությունում չէ, երեկ տեղի ունեցած խորհրդի նիստին ևս չէր ներկայացել՝ գրավոր հայտնելով, որ ինքն իր գրածներին ավելացնելու ոչինչ չունի:

Նիստին Լուսինե Սահակյանի ներկայացուցիչ ներգրավվեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ու բացարկ հայտնեց խորհրդի անդամ Հարություն Հարությունյանին, քանի որ վերջինս դիմող Մարտուն Փանոսյանի մտերիմ ընկերն է: Բաղդասարյանը նշեց, որ այս պայմաններում Հարությունյանն անաչառ լինել չի կարող և ասվածը հիմնավորեց ՄԻԵԴ-ի կողմից նախկինում հայտնած դիրքրոշմամբ: Բաղդասարյանը նշեց նաև, որ Ֆեյսբուքում Մարտուն Փանոսյանին առնչվող գրառումներից մեկի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար Հարությունյանն անգամ իրեն զանգահարել ու պարզաբանումներ է պահանջել:

Սակայն, ինչպես պարզվեց՝ Մարտուն Փանոսյանը միակը չէ, որ անաչառության ու օբյեկտիվության աննախադեպ հատկանիշներ ունի. այդպիսին են նաև նրա մտերիմ ընկերները: Հարություն Հարությունյանը բացարկի միջնորդության վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելիս վստահեցրեց, որ ինքը կարող է անաչառ լինել:

«Ես չեմ թերարժևորում իմ մոտ սկզբունքայնության եւ օբյեկտիվության զգացումը, ես բավարար չափով օբյեկտիվություն ունեմ ճիշտ և անաչառ որոշում կայացնելու համար»,- ինքն իրեն գնահատեց Հարությունյանը՝ չժխտելով, որ ինքը Մարտուն Փանոսյանի ընկերն է: Խորհուրդը, դռնփակ քննելով միջնորդությունը՝ որոշեց մերժել այն:

Խորհրդի նիստում որպես վկա հարցաքննվեցին խորհրդի նախկին անդամ Ալեքսանդր Սիրունյանը, պալատի ընդունարանի աշխատակից Արուսյակ Ֆահրադյանը և Պալատի փաստաբանների արագ արձագանքման հանձնախմբի համակարգող Գևորգ Մկրտչյանը: Որպես վկա հրավիրված Լիպարիտ Սիմոնյանը նիստին չէր ներկայացել՝ գրություն ուղարկելով, որ ինքը չի կարող վկայություն տալ անձանց, որոնք ևս միջադեպի վկաներն են եղել: Միաժամանակ, Սիմոնյանը հայտնել էր, որ Սահակյանն իրեն վերագրվող արտահայտությունները չի արել:

Ալեքսանդր Սիրունյանը վկայություն տալուց առաջ ևս բարձրացրեց հարցը, թե ինչո՞ւ են իրեն վկայություն տալու կանչել անձինք, որոնք իրենք պետք է սույն գործով վկաներ լինեին, և ի պատասխան նիստը նախագահող Կարեն Սարդարյանն ասաց, որ Սիրունյանը հարցերին պատասխանողի, այլ ոչ թե հարցեր տվողի կարգավիճակում է:

Սիրունյանը նշեց, որ խորհրդի անդամներից յուրաքանչյուրն իր տեղն ունի, որտեղ սովորաբար նստում է խորհրդի նիստերի ժամանակ, ըստ որում՝ Մարտուն Փանոսյանը նստում է սեղանի մի ծայրին, իսկ Լուսինե Սահակյանը՝ մյուս: Իսկ թե ինչպես է ստացվել, որ վիճաբանության օրվա նիստի ժամանակ Փանոսյանն, իր իսկ պնդմամբ, նստած է եղել Լուսինե Սահակյանի կողքին և լսել, թե ինչպես է նա ցածրաձայն վիրավորում խորհրդի անդամներին, պարզ չէ: Սիրունյանն, ով խորհրդի անդամ եղած ժամանակ նստելիս է եղել Լուսինե Սահակյանին մոտ, նրա կողմից խորհրդի հասցեին վիրավորական արտահայտություններ չի լսել: Նիստերի դահլիճը լքելուց առաջ Սիրունյանը խորհրդին հայտնեց, որ այս պատմության մեջ իրեն ամենաշատը հետաքրքրում է, թե ինչո՞ւ էր Մարտուն Փանոսյանը դուրս գալիս միջանցք՝ Լուսինե Սահակյանի հետ «ռազբորկա անելու»:

Վկաներ Գևորգ Մկրտչյանն ու Արուսյակ Ֆահրադյանը վկայություն տվեցին, որ Լուսինե Սահակյանը Մարտուն Փանոսյանի հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել: Նրանցից Գևորգ Մկրտչյանը չկարողացավ թաքցնել իր ագրեսիվ ու ոչ բարեհաճ վերաբերմունքը Սահակյանի նկատմամբ: Մկրտչյանը նշեց, որ ականատես է եղել միջադեպին, քանի որ Պալատում վերապատրաստման դասընթացի է եկել, որն ուշացել է, և ինքը միջանցքում կանգնած է եղել:

Սահակյանը, սակայն, վստահեցրեց. նիստի օրը վերապատրաստման դասընթաց չի անցկացվել, այլ Մկրտչյանը կանգնած է եղել միջանցքում, քանի որ իր դեմ սադրանք էր նախապատրաստվում: Սահակյանը նշեց, որ Գևորգ Մկրտչյանը իր նկատմամբ լարվածություն ունի այն բանից հետո, երբ Նիկոլայ Բաղդասարյանի դեմ ապօրինի քրեական հետապնդման գործով Փաստաբանների պալատի կողմից նշանակվել է որպես Բաղդասարյանի շահերի պաշտպան և օրենքի չիմացության հետևանքով թույլ տվել մի սխալ, որն ինքը մատնացույց է արել:

Լուսինե Սահակյանը հրաժարվեց պատասխանել խորհրդի անդամների հարցերին, սակայն հարկ համարեց ոչ թե Խորհրդին, այլ խորհրդի նիստին ուղիղ հեռարձակմամբ հետևող փաստաբաններին որոշակի բացատրություններ տալ և մեկնաբանություններ կատարել:

Արդեն 20 տարի փաստաբանական գործունեությամբ զբաղվող Լուսինե Սահակյանը նշեց, որ իր գործունեության այդ տարիների ընթացքում ինքը երբևէ կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել, և իր, Նիկոլայ Բաղդասարյանի, Երվանդ Վարոսյանի նկատմամբ հետապնդումները սկսվել են այն բանից հետո միայն, երբ իրենց հարաբերությունները լարվել են Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:

Սահակյանը նշեց, որ կարգապահական վարույթները դարձել են շատ փաստաբաններին լռեցնելու միջոց:

«Մենք հասել ենք իրավիճակի, երբ զանգում են ու հարցնում՝ եթե այս կամ այն բանն անեմ, կարգապահական պատասխանատվության չե՞մ ենթարկվի»,- ցավով հայտնեց Սահակյանը՝ նշելով որ Փաստաբանների պալատը ոչ թե պիտի հետևի, թե փաստաբաններից ով Ֆեյսբուքում ինչ գրեց, ով՝ շնչեց, ով՝ արտաշնչեց, և դրա համար նրանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցի, այլ կանգնած լինի փաստաբանների կողքին:

«Մենք չպիտի փաստաբաններին ասենք՝ սուսուփուս նստեք, թե չէ կարգապահական պատասխանատվության կենթարկվեք: Մենք պիտի կանգնենք փաստաբանների կողքին, այլ ոչ թե դաստիարակենք սուսուփուս էակների»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Անդրադառնալով միջադեպին՝ Սահակյանը նշեց, որ ինքը հասկացել է, որ այդ օրն իր նկատմամբ սադրանք է կազմակերպվում ու այդ մասին անգամ հեռախոսով հայտնել իր գործընկերոջը:

«Մարտուն Փանոսյանի հետ մեր հարաբերությունները շատ վատ են, այն աստիճան, որ ես իրեն ընդհանրապես չեմ բարևում: Այդ օրը ինքը մոտեցավ, մտավ քիթս, բառիս ամենա բուն իմաստով»,- ասաց Սահակյանը՝ հարց բարձրացնելով, թե ի՞նչ պարզաբանումներ պիտի իրենից ակնկալեր անձն, ում ինքն անգամ չի բարևում:

«Ինձ ասում էր՝ դու ինձ ինչո՞ւ ես վիրավորում, դու իմ հետ ի՞նչ խնդիր ունես…Ես նրան ընդամենն ասացի, որ այն կողմ գնա, դու իմ համար ընդհանրապես գոյություն չունես, ինքն էլի նույնը: Մի քանի անգամից հետո, այո, նա ստացել է այն արտահայտությունները, որոնք պետք է ստանար, ընդ որում, ձեր վկաներն իմ կողմից ասված այնպիսի արտահայտությունների մասին խոսեցին, որոնք ընդհանրապես իմ բառապաշարում չկան: Բայց ես ուզում եմ մի բան ասել. փաստաբանը պետք է ունենա ինքնասիրություն: Կարծում եմ, որ յուրաքանաչյուր անձ, ով ունի ինքնասիրություն, նման պատասխան պետք է տված լինի: Ու նորից եմ ասում, չի ծնվել մեկը, ով Լուսինե Սահակյանի քիթը պետք է մտնի ու նման պատասխան չստանա»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Սահակյանի խոսքից հետո, նիստերի վարման կարգից շեղվելով՝ խորհրդի անդամ Սիմոն Բաբայանը դիմելով լրագրողներին՝ փորձեց որոշակի մեկնաբանություններ կատարել և պարազաբանումներ տալ՝ լրագրողներին խնդրելով անպայման դրանք ներկայացնել իրենց նյութերում:

«Լուսինե Սահակյանն ասաց, որ ՓՊ խորհուրդը որդեգրել է մի քաղաքականություն, որը վերաբերում է փաստաբաններին պատժելուն: Ասեմ, որ խորհուրդը նման դիրքորոշում երբևիցե չի որդեգրել, խորհրդի դիրքորշումը վերաբերում է նրան, որ յուրաքանչյուր փաստաբան պարտավոր է դրսևորել համապատասխան վարքագիծ, որը համահունչ է վերջինիս մասնագիտությանը»,- ասաց Սիմոն Բաբայանը:

Լուսինե Սահակյանը նիստը նախագահող Կարեն Սարդարյանին խնդրեց պարզաբանել, թե ի՞նչու է Բաբայանը շեղվում սահմանված կարգից: Սարդարյանը պարզաբանեց, որ վարույթը մրցակցային է, քանի որ պատասխանող Լուսինե Սահակյանն այդ թեմայով խոսել է, ինքը թույլ է տալիս, որ խորհրդի անդամն էլ խոսի: Փաստորեն, խորհրդի նիստի անդամ Սիմոն Բաբայանին, ով պիտի լինի անաչառ դատավորի դերում, Կարեն Սարդարյանը ներկայացրեց որպես կողմ:
Մինչ Սիմոն Բաբայանը կշարունակեր իր ելույթը՝ դահլիճի ամբիոնի մոտ հայտնվեց մինչ այդ դիտորդի կարգավիճակում գտնվող խորհրդի անդամ Երվանդ Վարոսյանն, ով տվյալ գործով ինքնաբացարկ էր հայտնել:

«Հաշվի առնելով, որ խորհրդի նիստը վեր է ածվել մամուլի ասուլիսի, ես ևս լրագրողներին ասելիք ունեմ: Հարգելի՛ լրագրողներ, ՓՊ խորհուրդը փորձում է վարքագծի կանոնագրքով գալ մտնել մեր ֆեյսբուքյան էջերը, գալ-մտնել մեր անձնական հարաբերությունների դաշտերը եւ մոռացել է` ինչ է իրենից ներկայացնում փաստաբանական գործունեությունը: Փասատաբանների պալատը կամ որևէ այլ կառույց իրավունք չունի մտնել մեր անձնական կյանք, մեր անձնական հարաբերություններ»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Վերջինիս պահվածքից անակնկալի եկած նիստը նախագահող Կարեն Սարդարյանը, Լուսինե Սահակյանին վերջին խոսքի իրավունքից զրկելով՝ հայտարարեց խորհրդակցական սենյակ գնալու մասին: Սահակյանն այդպես էլ վերջին խոսքով հանդես չեկավ:

Ի դեպ, խորհրդի նիստում վերջապես «լույս սփռվեց» օրեր շարունակ Ֆեյսբուքում լայնորեն տարածվող էկլերի գաղտնիքի վրա: Պարզվում է` փաստաբաններից մեկը դժգոհություն է հայտնել, որ մեկ այլ փաստաբան պալատի էկլերները կերել ու պալատի դեմ է դուրս եկել: Հետո քննարկվեց, թե ով է էկլեր կերել, որտեղ, ինչ պայմաններում…

Արաքս Մամուլյան; Forrights.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20