Բայց սա միայն կարծիք է, բայց սա կարծի՞ք է…

- in Մշակույթ
Այսօր գրողների օրն է: Այսինքն բոլոր այն մարդիկ, որոնց վառել ենք 90-ականներին եւ որոնց մինչեւ այսօր փողոցներում վաճառում են՝ «հատը՝ 500 դրամ» ասելով, այսօր իրենց օրն է:
Նաեւ նրանց օրն է, որոնց տարիներով փակել ենք խոնավ նկուղներում եւ ամեն անգամ նկուղ՝ մուրաբայի հետեւից իջնելուց, մտածում ենք, թե որքան ավելորդ տեղ են զբաղեցնում եւ հետեւաբար, երբեմն, երբ խորոված ենք անում, օգտագործում ենք նրանց՝ որպես կպչան: Լավ կպչան են, լավ կրակ են անում, լավ վառվում են, անգամ, երբ խոնավ են, տեսնես ինչո՞ւ, գուցե, որովհետեւ նրանց առաքելությունը հենց կրա՞կն է, գուցե:
Այսօր ոչ ոք չի գնում Գրողների միություն, որպեսզի սեղմի իր սիրած գրողի ձեռքը, այսօր գրողներն էլ այդ միություն չեն գնում: Կա կարծիք, որ չեն գնում, քանի որ նրանք Պանթեոնում են, իսկ բոլոր նրանք, ովքեր Պանթեոնում են, չեն կարող գնալ՝ ոչ Գրողների միություն, ոչ էլ երկրից: Մեկ ուրիշի կարծիքով էլ հենց Պանթեոնում մնացածներն են երկրում մնացածները, մնացածն այստեղ չեն էլ: Բայց սրանք ընդամենը կարծիքներ են, ինչպես գիրքը, ինչպես անգամ Աստվածաշունչը, որի հեղինակը միակն է, ում օրն այսօր չէ:
Այսօր Պանթեոն էլ չեն գնում, որ ծաղիկներ տանեն իրենց սիրելի գրողներին: Կա կարծիք, որ սիրելի գրողները Պանթեոնում էլ չեն, ո՞ւր է այնտեղ գրող որ: Գրողը՝ Մարկեսն է, Հեմինգուեյն է, Լոնդոնն է, եթե՝ յան-ով, ապա՝ Սարոյանն է, իսկ նրանք Պանթեոնում չեն: Բայց սա կարծիք է, որն ինչպես Աստվածաշունչը լայն տարածում չունի:
Այսօր ամաչում են գրող լինելուց: Ասում են՝ ասում են, թե ես գրող եմ, այսինքն ինքը չգիտի, որ ինքը գրող է, այսինքն ինքը ամաչում է, որ գրող է, այսինքն գրողներն ամաչում են, որ գրող են, իսկ ով չի ամաչում, այնպես է գրում, որ ամաչելու է, որովհետեւ մոխրագույնի 50 երանգներն ամաչելու են, ամաչելու չեն, բայց, երբ միայն այդ երանգներն են քեզ հետաքրքրում, եւ միայն հետաքրքրում, այդ պարագայում ամաչելու են: Կա կարծիք, եւ դա միայն իրենց է, որ իրենք պոետ են, բանաստեղծ չեն է՜, պոե՜տ են, նովելիստ են, էսսեիստ են, իրականում ժուռնալիստ էլ չեն: Բայց սա կարծիք է, իմ կարծիքը, որը հաճախ է պարտվում ինչ-ինչ բաների, որովհետեւ առանց այդ բաների հիմա հնարավոր չէ, առանց կարծիքի հիմա հնարավոր է:
Այսօր մենք պատասխան ենք տալիս 90-ականներին նրանց վառելու համար, իսկ նրանցից որոնք փրկվել են, հատը՝ 500 դրամով տալու համար, նկուղներում պահելու համար, խորովածն ավելի շատ սիրելու համար: Բայց սա միայն կարծիք է, բայց սա կարծի՞ք է…
Հովիկ ԱՖՅԱՆ; Ֆեյսբուք
Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20