Ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը չի սիրում Տիգրան Սարգսյանին

- in Մամուլ
Hovik Tigran

Հովիկ Աբրահամյանը շատ պատճառներ ուներ Տիգրան Սարգսյանին չսիրելու։ Եվ երկար հրահրում էր նրա քննադատությունը մեդիա-դաշտում։ Գլխավոր պատճառն այն էր, որ  Տիգրան Սարգսյանը շատ երկար զբաղեցրեց վարչապետի աթոռը, որի վրա աչք ուներ Հովիկ Աբրահամյանը։

Հիմա վիճակը ավելի է բարդացել։ Որպես ԵՏՄ տնտեսական խորհրդի նախագահ, Տիգրան Սարգսյանը «վարչապետաց վարչապետի» կարգավիճակ ունի ու վերպետական «շեֆ» է գալիս Հովիկ Աբրահամյանին։

Բայց ՀՀ ներկա վարչապետ Աբրահամյանը կարծես թե շարունակում է պայքարը ՀՀ նախկին վարչապետ Սարգսյանի դեմ՝ ջնջելով նրա հետքերը։

Թարմ փաստը ՀԴՄ կտրոնների վիճակահանությունից հրաժարվելն էր։Ճիշտ է, գործը արվեց սուսուփուս։ ՊԵԿ-ը, կառավարության որոշմանը հղում անելով, հայտարարությամբ հանդես եկավ, թե «Շահող կտրոնի» վիճակահանությունը դադարեցվում է, «հարգելի քաղաքացիներ»։

Կառավարության կայքում այդ որոշման փնտրտուքը արդյունք չի տալիս։ Պաշտոնական արձագանք չի եղել նաև «Հայկական ժամանակի» հրապարակմանը, թե «Հաղորդագրության մեջ հղում է կատարվում կառավարության ինչ-որ որոշման վրա, և չի մասնավորեցվում, թե որն է վիճակահանությունը դադարեցնելու պատճառը»։

Վիճակախաղում, իհարկե, քիչ մարդ է շահել։ Չշահածներից մի քաղաքացուհի ուրախ մեկնաբանություներ թողել կայքերից մեկում, թե էլ վաճառողների մուննաթը չեն տանի` խանութներում ձգձգում են կտրոն տալը, ինչքան ուժները պատի։

Բայց, անկախ քաղաքացիների մեկնաբանություններից, «Շահող կտրոնը» նպատակ ուներ՝ ստվերային շրջանառության կրճատումը, այսինքն, պետության բյուջեի համապատասխանեցումը կապիտալի իրական շրջանառությանը, համալրումը՝ հարկահան-գործարար դաշինքի գողացված եկամուտների հաշվին։

Ուրեմն, ինչո՞ւ «հարգելի քաղաքացիներին» մարդավարի չեն բացատրում, թե ինչ պատահեց հանկարծ։ Կոռուպցիան վերացա՞վ, ու էլ վիճակախաղ-միճակախաղի կարիք չկա՞։ Թե՞ շահումների արժեքն ավելի մեծ էր, քան «Շահող կտրոնի» տված օգուտը։ Ո՞ւր են վիճակագրական տվյալները` ի՞նչ փոփոխություններ են եղել անցած տարիներին` աճե՞լ, թե՞ նվազել է ստվերը առևտրում։ Եվ ե՞րբ է հաշվետվություն տալու Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ գուցե այդտեղ մի բան ասի։Եվ ո՞ւր է կառավարության որոշումը, պարոնայք։ Թե՞ «Շահող կտրոնը» վերացվում է թաքուն՝ հանկարծ Տիգրան Սարգսյանի ականջը չընկնի, ի վերջո «վարչապետաց վարչապետ» է։

Ես կասկածում եմ, որ նույնիսկ «Շահող կտրոնի» նախաձեռնության հեղինակ Տիգրան Սարգսյանի ժամանակ որևէ մշտադիտարկում արվել է, արդյունքներ ամփոփվել են։ Բայց կարևորն ուրիշ բան է. ինչ-որ մեխանիզմ էր ներդրվել, որը բախում էր առաջացրել գնորդ-հարկատուի ու վաճառող-հարկ թաքցնողի միջև, որը ինչ-որ չափով զսպում էր վերջինիս։

Հովիկ Աբրահամյանն իր տեսակով «ձեռքի կառավարման» կողմնակից է. երբ մի տարի առաջ դրամի արժեզրկում եղավ, նա անձամբ գնաց խանութներ ստուգելու, թե հո տերերը պահից չե՞ն օգտվել ու գները թռցրել։

Հայաստանի պես փոքր երկրում դա էլ կարող է արդյունք տալ։ Բայց՝ հազվադեպ, քանի որ մարդն անցողիկ է, մեխանիզմը՝ մնայուն։ Եվ պաշտոնապես խոշոր կապիտալիստ հանդիսացող Գագիկ Խաչատրյանն ու Հովիկ Աբրահամյանը պարտավոր են արդեն որպես բարձրաստիճան պաշտոնյա հաշիվ տալ, թե ինչու են վերացնում լավ թե վատ գործող որևէ մեխանիզմ։

Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Գրող, հրապարակախոս; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20