Անկարո՞ղ են հստակ ու համակարգված արձագանքել մարտահրավերներին

- in Կեղտոտ լվացք

Մի քանի ժամ հանրությունը լարված իրավիճակում է ռումբի ահազանգի պատճառով:

Մի տարբերակով, տեղեկություն է ստացվել, թե պայթեցվելու է Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռը, մեկ այլ տարբերակով՝ թե օդանավակայանում ռումբ կա: Անհասկանալի է նաեւ ահազանգի ծագումնաբանությունը: Անվտանգության ծառայություններն առայժմ հստակ տեղեկատվություն չեն տրամադրում: Հնարավոր է՝ չկա այդպիսի տեղեկատվություն, հնարավոր է՝ ստուգում են բոլոր տարբերակները: Դա բնական է, դա իրենց աշխատանքն է:

Փոխարենը, սակայն, հերթական անգամ հանրությունը բախվում է այն իրավիճակին, երբ պաշտոնական հստակ տեղեկատվության փոխարեն, որոշակի ԶԼՄ-ներով տարածվում են «արտահոսքեր»: Սա գուցե ընդունված պրակտիկա է ողջ աշխարհում, սակայն Հայաստանի պարագայում այս արտահոսքերը տեղի են ունենում առանց առարկան հաշվի առնելու:

Հայաստանում իրավապահների մոտ արդեն վաղուց պրակտիկա է դարձել ԶԼՄ-ներով ուղղորդող արտահոսքեր տարածելը, որոնց նպատակը որոշակի իրավիճակներ ձեւավորելն է, գործերի վրա ազդելը: Դրանք սովորաբար վերաբերվում են ներքին «ռազբորկաներին», տարբեր խմբավորումների հաշիվների պարզաբանմանը: Սակայն, կան դեպքեր, երբ այս արատավոր պրակտիկան պետք է բացառվի: Հատկապես այն դեպքերում, եթե առարկան լուրջ ահազանգերն են:

Մասնավորապես, ռումբի այս վերջին ահազանգի դեպքում, երբ հանրությունը լարված հետեւում է լրահոսին: Չէ՞ որ գործ ունենք իրավիճակի հետ, որն առնչվում է հարյուրավոր, հազարավոր մարդկանց անվտանգությանը, նրանց հոգեվիճակին:

Սա պետության անվտանգության հարց է, եւ այս դեպքերում պետք է տրվի համակարգված, հստակ տեղեկատվություն, բացառելով որեւէ արտահոսք: Այլապես, ստացվում է, որ պետությունն անկարող է հստակ ու համակարգված արձագանքել մարտահրավերներին:

«Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանից Երևան-Մոսկվա NN 558 չվերթը ժամային փոփոխության է ենթարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ինքնաթիռը պետք է Մոսկվա մեկներ ժամը 20:40-ին, սակայն կմեկնի ժամը 21:30-ին: Բացի այդ, փոխվել է նաև Երևան-Մոսկվա NN557 համարի չվերթի ժամը: Ինքնաթիռը պետք է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկներ ժամը 19:40-ին, սակայն կմեկնի ժամը 20:34-ին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20