Այգեկում` Առաքել Մովսիսյանի շնորհիվ – Լուսանկարներ

- in Ընտրություններ

Ապրիլի 17-ին հանրապետության մի շարք համայնքներում համայնքապետերի և ավագանիների ընտրություններ են, այդ թվում նաև` Արմավիրի մարզի, Էջմիածնի տարածքի Այգեկ գյուղում: Զրուցում ենք գործող գյուղապետ, թեկնածու Վարուժան Աբրահամյանի հետ: 

– Ինչպե՞ս է ապրում Այգեկ գյուղը, այգեկցին:

– Ինչպես տարածքի մյուս գյուղերի բնակիչները` հողագործությամբ և անասնապահությամբ: Հաշվի առնելով, որ մայրաքաղաքը մոտ է, տրանսպորտային ակտիվ կապ կա, 20 – 30 տոկոս բնակչությունն էլ Երևանում է աշխատում` հիվանդանոցներում, շինարարություններում: Ժամանակին` մինչև 1998 թվականը արտագաղթ կար գյուղից, հիմա` արտագնա աշխատանքի մեկնողներ կան, ովքեր գարնանը մեկնում, աշնանը` վերադառնում են:

– Յուրաքանչյուր ընտրությւոններում թեկնածուները որոշակի խոստումներ են տալիս, անցած ընտրություններում Ձեր տված խոստումների ո՞ր մասն եք հասցրել կատարել:

– Ես որևէ խոստում չեմ տվել և չեմ տալիս, ինչ հասցնում, կատարում ենք: Մեր գյուղում է ապրում ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը և բնակիչներ – համագյուղացիները մեծամասամբ իրենց խնդիրներով նրան են դիմում և ամեն կերպ աջակցություն ստանում: Իր մոտ ավելի շատ մարդիկ են գնում ու ոչ միայն մեր համայնքից, այլև հարևան գյուղերից ու բոլորին էլ նա օգնում է: Գյուղապետարանն էլ իր միջոցներով է աշխատանքներ կատարում գյուղի համար: Բոլորս բոլորին ճանաչում ենք, դրա համար է, որ խոստումներ չենք տալիս, որպեսզի խնդիրներ չունենանք:

Առաքել Մովսիսյանի միջոցներով գյուղի մանկապարտեզն է հիմնանորոգվել, դպրոցը, որ նրա եղբոր, երջանկահիշատակ Մուշեղ Մովսիսյանի անունն է կրում: Դպրոցն այնպիսի վիճակում էր, որ անհնար էր շարունակել շահագործելը: Իսկ հիմա հանրապետության մասշտաբով լավագույն դպրոցներից մեկն է, ու ոչ միայն արտաքին տեսքով, այլև` ուսման առաջադիմությամբ: Ընդհանրապես` առանց Առաքել Մովսիսյանի այս տարածքի գյուղերը շատ խնդիրներ կունենային: Ամեն տարի մասնակի վերանորոգում է նաև գյուղի ճանապարհները, սակայն այս տարի դիմել ենք, որ պետական միջոցներով հիմնանորոգվեն ճանապարհները:

– Հաշվի առնելով հանրության սոցիալ – տնտեսական ծանր իրավիճակը` գյուղապետարանը կարողանո՞ւմ է կատարել բյուջեն. հողահարկի և գույքահարկի մասով:

– Այո´, անպայման, վերջին տարիներին մինչև 107 տոկոսով էլ կատարել են, այդպիսի տարի չի եղել, որ մեր եկամուտները չհավաքագրենք ու բյուջեն ամբողջությամբ չկատարենք:

– Համայնքային նշանակության ի՞նչ խնդիրներ կան Այգեկ գյուղում:

– Կարևորը` բնակչության զբաղվածության հարցն է: Խնդիր ունենք նաև ճանապարհների բարեկարգման հարցում, խմելու ջրի ցանցը մեծամասամբ փոխել ենք, սակայն այսօր ջրմուղը խնդիրներ է առաջացնում գյուղապետարանի համար ու յուրաքանչյուր ամիս 60 – 70 հազար դրամ ենք վճարում խմելու ջրի պոմպի աշխատանքի համար: Ինչո՞ւ, եթե ջրի վարձը հավաքում են իրենք, սակայն միայն պոմպի աշխատանքի համար մեզանից են դրամ պահանջում:

– Ապրիլի 17-ին Այգեկում ևս գյուղապետի ընտրություններ են, Դուք վերստին առաջադրվելո՞ւ եք` վերընտրվելու համար:

– Այո´, անպայման: Առաջադրվելու և վերընտրվելու եմ, քանի առողջությունս թույլ է տալիս, աշխատում եմ:

– Եվ վերջում. Ձեր խոսքը, կոչը համագյուղացիներին` գարնան գալուստի, կանանց միամսյակի և գյուղապետի ընտրություններից առաջ:

– Ընտրությւոններից առաջ կոչ կանեի համագյուղացիներիս ակտիվ մասնակցել, որովհետև որքան բարձր լինի վստահությունն, այնքան ավելի վստահ կկառավարեմ, ավելի ապահով ու լավ կզգամ: Եթե ակտիվ չմասնակցեն` ես չեմ աշխատի:

Կանանց, մայրերի, աղջիկների միամսյակի առիթով շնորհավորում եմ: Ամեն տարի ապրիլի 7-ին մեծ շուքով նշում ենք Մայրության և գեղեցկության տոնը,. այցելում ենք ընտանիքները, նվերներ մատուցում:

Իսկ գարնան գալուստի առիթով, այս տարի եղանակն անակնկալներ է մատուցում, գյուղացիներին տոկունություն եմ մաղթում, խնդիրների լուծում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20