Ադրբեջանում ուսուցիչներից հարկադրաբար փող են հավաքում բանակի համար

Dolar

Տնտեսական խորը ճգնաժամում հայտնված Ադրբեջանը պետական մակարդակով հարկադրաբար փող է հավաքում սեփական բանակը պահելու և զինելու համար:

azadliq.org լրատվական կայքի փոխանցմամբ՝ մասնավորապես, Ադրբեջանի կրթության նախարարությունը զինված ուժերին օգնության նպատակով ուսուցիչների աշխատավարձից, առանց նրանց տեղեկացնելու, պահումներ է սկսել կատարել` փոխանցելով դրանք ԶՈւ օգնության հիմնադրամին: Կայքին այդ մասին հայտնել են իրենց անունները հրապարակել չցանկացած մի խումբ ուսուցիչներ:

Փաստը հաստատել է նաև Ադրբեջանի ԿԳ տեղեկատվական ծառայության ղեկավար Ջեսարեթ Վալեհովը` Facebook-ի իր էջում գրառելով, թե իբր, ուսուցիչները դա անում են «սեփական նախաձեռնությամբ»:

Նավթի համաշխարհային գների անկման պատճառով նավթային նախկին հսկայական եկամուտներից զրկված Ադրբեջանը ստիպված, նախորդ տարվա համեմատ, երկու անգամ կրճատել է 2016 թվականի իր պետբյուջեի ծավալը` զգալիորեն նվազեցնելով նաև զինված ուժերին հատկացումները:

Ադրբեջանական Վիճպետկոմի տվյալներով` 2016 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանից արտահանվել է 85 մլն դոլարի նավթամթերք, ինչը 57,3 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում եղած ցուցանիշից:

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ` 2016 թվականին Ադրբեջանի արտաքին պարտքի չափը կգերազանցի ՀՆԱ-ի 30 տոկոսը: ՀԲ-ն միջին հեռանկարում Ադրբեջանի ընդհանուր պարտքերի աճ է կանխատեսում:

ՀԲ-ն կանխատեսում է, որ Ադրբեջանի ընդհանուր պարտքերը 2017 թվականին կկազմեն ՀՆԱ-ի 35,6 տոկոսը, 2018 թվականին` ՀՆԱ-ի 54,7 տոկոսը:

Ադրբեջանի կառավարության հայտարարությունների համաձայն` 2016 թվականի սկզբներին Ադրբեջանի արտաքին պարտքի ծավալը կազմել է ՀՆԱ-ի 19,8 տոկոսը: Այդ ցուցանիշը 2015 թվականի սկզբներին կազմել էր 8 տոկոս:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20