Ահա այդ դեպքում Հերմինե Նաղդալյանը կտրուկ կփոխի դիրքորոշումը

Hermine Naghdalyan

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որ օրերս աղմկահարույց հայտարարություն էր արել ազատագրված տարածքների ճակատագրի մասին, արժանանալով խաչաձեւ քննադատության հանրության գործնականում բոլոր շերտերից, նախօրեին շտապել է պարզաբանել եւ ասել, թե իր կենսագրությունն այնպիսին է, որ ոչ ոք չի կարող մտածել, թե ինքը կարող է տարածքների հանձնման մասին խոսել: Նաղդալյանն ասել է, թե իր խոսքը կտրել են համատեքստից:

Համատեքստից կտրելը Հայաստանի պաշտոնական վերնախավի ամենատարածված արդարացումներից մեկն է: Թեեւ, չի բացառվում, որ այն անկեղծ արդարացում է, եւ այդ վերնախավը ընդամենը կամ չի հասկանում համատեքստ բառի իմաստը, կամ էլ սեփական խոսքի իմաստը չի հասկանում, եւ ըստ այդմ պաշտոնյաներին միշտ թվում է, թե հասարակությունն է իրենց սխալ հասկացել:

Բայց, տարածքային նվիրվածության հարցում Հերմինե Նաղդալյանի կենսագրությունն իհարկե բավական խոսուն է: Ավելի շուտ ոչ թե կենսագրությունը, այլ դրա այսպես ասած բիզնես հատվածը: Մասնավորապես, Հետք էլեկտրոնային պարբերականը 2014 թվականի հունիսին հրապարակել էր հետեւյալ տեղեկատվությունը. «Երեւան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի Իսլամական հանրապետության միջպետական նշանակության ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքների «մենաշնորհը» ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Հերմինե Նաղդալյանինն է:

Այս տարվա մայիսի 22-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը պետական կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր է կնքել ԱԺ փոխնախագահին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրի գինը կազմել է մոտ 452 միլիոն 252 հազար դրամ: Աշխատանքների կատարման ավարտը նախատեսված է հոկտեմբերի 30-ը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 4-ի 777-Ն որոշմամբ դարձյալ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ին 416 մլն 769 հազար դրամ էր հատկացվել նշված ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար, իսկ օգոստոսի 14-ին տրանսպորտի եւ կապի նախարարությունը ընկերության հետ պայմանագիր էր կնքել»:

Այդպիսով, ակնառու է, որ Հերմինե Նաղդալյանի համար տարածքը ավելին է, քան հայրենասիրությունը: Տարածքը նրա համար փող է, շատ փող: Թե ինչ է լինում այդ փողը, հասարակությունը համոզվում է ամեն անգամ Երեւանից Մեղրի ճանապարհն անցնելիս եւ Հերմինե Նաղդալյանի ընկերության խնամքի տակ գտնվող ճանապարհահատվածի որակը տեսնելիս: Թեեւ, եթե որակն այդպիսին չլինի, Նաղդալյանի ընկերությունն ինչպե՞ս կարող էր երկու տարի անընդմեջ ճանապարհ նորոգելու համար ստանալ տարեկան մոտ կես միլիարդ դրամ:

Այդպիսով, պարզ է, թե ինչ է ակնարկել Հերմինե Նաղդալյանն ազատագրված տարածքների վերաբերյալ իր հայտարարությամբ: Եթե ուզում են, որ նա այլեւս այդպիսի հայտարարություններ չանի, ապա պետք է նրա համար բարձրացնել այդ տարածքների արժեքը, այսինքն այդ տարածքներում ասֆալտապատման բիզնեսը զարգացնել եւ հատկացումներ անել Նաղդալյանին պատկանող ընկերությանը:

Այդ դեպքում, այդ տարածքները ոչ միայն հանձնելու մասին խոսք չի լինի, այլ Նաղդալյանը թերեւս անձամբ իր ասֆալտհարթիչ մեքենայով կանցնի բոլոր նրանց վրայով, ովքեր կհամարձակվեն նրա բիզնեսը հանձնել Ադրբեջանին:

Spread the love