Այս կիրակի Հրազդանը կընտրի նոր քաղաքապետ. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Sasun Mikayelyan

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս կիրակի Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է այսօր:

Կոտայքի մարզկենտրոնում առկա իրավիճակը վկայում է այն մասին, որ վերջին առնվազն տասը տարիների կտրվածքով առաջին անգամ ընդդիմադիր թեկնածուն ռեալ շանս ունի հաղթելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Իհարկե, անցած տարիներին եղել են դեպքեր, երբ ՀՀԿ-ական թեկնածուները ՏԻՄ ընտրություններում պարտվել են, սակայն նրանց մրցակիցներն ընդդիմադիր թեկնածուներ չեն եղել, այլ ընդամենն ունեցել են ընդդիմադիր կուսակցությունների որոշակի աջակցություն: Ինչպես հայտնի է, Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը, Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը և նախկին ՕԵԿ-ական, այժմ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը:

Հիմնական պայքարն ընթանում է երկու թեկնածուների` Սասուն Միքայելյանի և Արամ Դանիելյանի միջև: Տեղեկացնենք, որ Միքայելյանի շտաբի կողմից երեկ կազմակերպած նախընտրական հանրահավաքում ելույթ է ունեցել Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Նազարյանը:

Վերջինս քաղաքապետարանի գործող պաշտոնյա լինելով հանդերձ՝ հրազդանցիներին կոչ է արել չվախենալ ու քվեարկել Սասուն Միքայելյանի օգտին: Քաղաքապետարանի պաշտոնյան փաստել է, որ Արամ Դանիելյանը տարիներ շարունակ մսխել է Հրազդան քաղաքի բյուջեն և քաղաքը հասցրել քայքայման եզրին` քաղաքապետարանի աշխատակիցների հետ հաճախ խոսելով սեռական բնույթի հայհոյանքներով:

Տեղեկացնենք, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի առաջնագծից մի քանի ժամով վերադարձել էր նաև Սասուն Միքայելյանը` հրազդանցիներին չվախենալու իր վերջին կոչը հնչեցնելու համար: Նա գիշերը կրկին մեկնելու է սահման: Իսկ շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ղեկավարել նախընտրական շտաբը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20