Անշարժ գույքի գները մարզերում ու Երևանում

- in Սոցիալական
Tun

Երևանում և մարզերում այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բնակարանների գների թանկացում է տեղի ունեցել:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա մարտին Երևանի բոլոր վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քմ արժեքը բարձրացել է, բացառությամբ Կենտրոն վարչական շրջանի: Կենտրոնում բազմաբնակարան շենքերում բնակարանների մեկ քմ միջին արժեքը նախորդ և այս տարվա մարտ ամսիներին նույն է՝ 480 հազար դրամ:

Երևանում ամենաթանկը Կենտրոնի բնակարաններն են, հաջորդում է Արաբկիր վարչական շրջանը, որտեղ բնակարանների մեկ քմ արժեքը 357 հազար դրամ է, այնուհետև՝ Քանաքեռ-Զեյթունը՝ 283 հազար, Նոր Նորքը՝ 253 հազար 950 դրամ: Ամենաէժանը Նուբարաշեն վարչական շրջանի բնակարաններն են, որտեղ մեկ քմ արժեքը 157 հազար 200 դրամ է:

Ի տարբերություն բազմաբնակարան շենքերի բնակարանների, Երևանում առանձնատների գները փոփոխության չեն ենթարկվել այս տարի: Եվ 2015 թվականի, և այս տարվա մարտ ամիսներին առանձնատների մեկ քմ միջին արժեքը նույնն է մնացել:

Գրեթե նույն պատկերն է նաև մարզերում: Այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, մազերում բազմաբնակարան շենքերում բնակարանների գների մի փոքր բարձրացում է տեղի ունեցել, իսկ առանձնատների արժեքը չի թանկացել:

Հայաստանում ամենաթանկը Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակարաններն են, ամենաէժանը՝ Լոռու մարզի Շամլուղ և Սյունիքի Դաստակերտ քաղաքներինը, որտեղ բազմաբնակարան շենքում բնակարանների մեկ քմ միջին արժեքն ընդամենը 8 000 դրամ է: