«Ավրորա»-ի դափնեկիրը 30 հազար երեխա փրկած կինն է

- in Պաշտոնական
mard

Ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի օրը, Երեւանում կայացել է միջազգային մարդասիրական «Ավրորա» (Aurora Prize for Awakening Humanity) մրցանակի առաջին արարողությունը:

Հեղինակավոր միջազգային ժյուրին, որի համանախագհներն են դերասան Ջորջ Քլունին եւ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելը, չորս արժանավոր հավակնորդներից ընտրեցին «Ավրորա» մրցանակի դափնեկրին` Մարգարեթ Բարանկիցեին: Մրցանակը նրան հանձնեց Ջորջ Քլունին:

Մարգարեթ Բարանկիցեն աշխատում է Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տանը եւ REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին նա հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։

Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հութու 72 ամենամոտ հարեւաններին, սակայն երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա ականատեսը դարձնելով նաեւ Բարանկիցեին։

Այս դաժան միջադեպից հետո Մարգարեթն իր կյանքը նվիրել է փախստականներին եւ երեխաներին խնամելու գործին։ Նա ընդհանուր առմամբ փրկել է 30,000 երեխայի: 2008 թվականին նրա հիմնած հիվանդանոցում մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։

Մարգարեթ Բարանկիցեն «Ավրորա» մրցանակի հիմնադիրներից կստանա $ 100 հազար դոլար: Եւս $ 1 մլն դոլար կբաշխվի նրա ընտրած երեք բարեգործական կազմակերպությունների միջեւ: Դրանք են` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի եւ Մեծ Դքսուհու հիմնադրամը, «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամը եւ «Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամը:

Երեկոյի ընթացքում շնորհվել է նաեւ 100 LIVES նախաձեռնության եւ Ժուռնալիստների միջազգային կենտրոնի (International Center for Journalism, ICFJ) «Սկզբունքային լուսաբանում» համատեղ մրցանակը, որի առաջին դափնեկիրը դարձավ The New York Times թերթի լրագրող Ռուկմինի Կալիմակին:

Ռուկմինի Կալիմակին աշխարհին պատմել է ահաբեկչական ISIS խմբավորման ստեղծած սեռական ստրկության անմարդկային համակարգի մասին: Նա նաեւ հետաքննել է շվեյցարական բանկերի եւ Սենեգալի ոսկու հանքերում երեխաների շահագործման միջեւ եղած կապը, աֆրիկյան մի շարք երկրներում մարդկանց զանգվածային սպանությունների դեպքերը:

Արարողության ընթացքում ելույթներ են ունեցել 100 LIVES եւ Aurora Prize նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը:

«Ավրորա» արարողությունը վարել են օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը եւ Washington Post թերթի սյունակագիր, գրող եւ հրապարակախոս Դեվիդ Իգնատիուսը:

Արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20