Արա Գևորգյան. Միասնությունը պետք է պահպանել ու վայր դնել կուսակցական բոլոր դրոշակները

- in Հասարակություն
dzerq

Երգահան Արա Գևորգյանը կոչ է անում իր գործընկերներին համերգներ կազմակերպել ու ողջ հասույթն Արցախին ուղղել:

Ծիծեռնակաբերում լրագրողների հետ զրույցում երաժիշտը տեղեկացրեց, որ իր արտասահմանցի գործընկերների հետ հավաքել են 360 հազար դոլար, որն հատկացնելու են զոհված ազատամարտիկների ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանը:

Արա Գևորգյանն ասել է, որ կամավոր զինվորագրվել է, սակայն իրեն դեռ հերթ չի հասել առաջնագիծ գնալու համար: «Այս դեպքերը պարզ դարձրին, որ մենք հիանալի ժողովուրդ ենք ու իրավունք ունենք արժանապատիվ ապրելու: Այս ընթացքում կարողացա դասեր քաղել, որ պետք է ոչ միայն այս վտանգի պահին լինենք հայ զինվորի կողքին, այլև մշտապես` նյութապես, բարոյապես, զենքը ձեռքներիս: Այդ միասնությունը պետք է պահպանել ու վայր դնել կուսակցական բոլոր դրոշակները, մտածել մեր ժողովորդի, բանակի մասին: Եթե կա հնարավորություն է լ ավելի զինել ու համախմբել մեր ժողովրդին, ապա դա պետք է անել, և այդպիսով մեզ հաղթել չի լինի»,-նշեց երաժիշտը` հավելելով, եթե այսքան ժամանակ չեն կարողացել հայերին ոչնչացնել, ուրեմն չեն էլ կարողանա:

Անդրադառնալով հակամարտության կարգավորման շրջանակում ազատագրված տարածքների զիջման հնարավորությանը` Գևորգյանը նկատեց, որ ինքը խաղաղության կողմնակից է, և հույս ունի, որ այն կհաստատվի հայության համար շահավետ տարբերակով: «Երբ մեզ պարտադրված է պատերազմ, մենք ստիպված ենք խաղաղություն պարտադրել, դրա ժամանակ ինչ կշահենք, ինչ կզիջենք, չենք հաշվում: Տա Աստված, որ մենք միշտ շահողի դերում լինենք, քանի որ անընդհատ պատմության ընթացքում փոքրացրել են մեզ, պետք է կարողանալ առիթը ճիշտ օգտագործել ու ընդլայնվել: Ես խաղաղության մարդ եմ, եթե կարելի է խաղաղ բանակցությունների միջոցով պահպանել այդ ամենը, ես միայն դրա կողմնակիցն եմ»,- ընդգծեց նա:

Պատասխանելով ի՞նչ անենք, որ նման դեպքեր էլ չկրկնվեն հարցին՝ Արա Գևորգյանը նշեց. «Ուժեղ է պետք լինել, միակամ, հզոր: Միայն այդ դեպքում կարելի է պարտադրել խաղաղություն»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20