Արցախում զոհված սպաներից երկուսը եղել են Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի դոնորներ

Zinvor

Ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրերին Արցախի պաշտպանության բանակի զոհված սպաներից երկուսը՝ Հովսեփ Կիրակոսյանը և Աշոտ Շահբազյանը, «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի կամավոր դոնորներ էին:

Ինչպես տեղեկացրին ռեեստրից, Հովսեփ Կիրակոսյանը եւ Աշոտ Շահբազյանը որպես ՈԴՀՌ կամավորագ րվել են ռեեստրին 2006- 2010 թթ., Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կազմակերպված ամենամյա դոնորագրումների ժամանակ:

«Յուրաքանչյուր հայ զինվորի կորցրած կյանք շատ մեծ վիշտ է մեր բոլորի համար,- ասաց Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի նախագահ Դր. Ֆրիդա Ջորդանը: – Այսօր, երբ մենք պարզեցինք, որ Հովսեփ Կիրակոսյանը և Աշոտ Շահբազյանը եղել են մեր հիմնադրամի կամավոր դոնորներ, մեր վիշտը ավելի խորն է, իսկ հիացմունքը նրանց անձնուրացության և հերոսության հանդեպ` էլ ավելի մեծ: Մեր զինվորները դեռ ուսանողական տարիներից պատրաստ են եղել փրկել մարդկային կյանքեր ոչ միայն ռազմի դաշտում`պաշտպանելով մեր հայրենիքը, այլ նաև խաղաղ պայմաններում`օգնելով արյան քաղցկեղից տա ռապող հիվանդներին: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված զինվորների և սպաների ընտանիքներին»:

Ամեն տարի «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ինչպես նաև Հայաստանի և Արցախի տասնյակ այլ հաստատություններում, բուհերում, համայնքային կենտրոններում և ՀԿ-ներում անցկացնում է դոնորագրումներ: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ամենամյա ներդրումը ՈԴՀՌ հիմնադրամի ընտանիքի կայացման գործում շատ մեծ է և կարևոր: Հայ զինվորները և սպաները կազմում են մեր կամավորների ստվար մասը: Նրանք ոչ միայն կամավորագրվել են ՈԴՀՌ հիմնադրամին, այլև նրանցից երկուսը՝ Արտակ Լազյանը և Հովհաննես Ալիխանյանը փրկել են մարդկային կյանքեր՝ նվիրաբերելով իրենց ցողունային բջիջները փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներին:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.