Արցախում վիրավորված 121 զինվորներից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է. հոսպիտալում արձանագրվել է նաև մահվան դեպք

shtap ohnutyun 1

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով հոսպիտալային օղակում արձանագրվել է մահվան մեկ դեպք: ՀՀ ՊՆ բուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը փաստն աննախադեպ է համարում:

«Ամբողջ գործողության ընթացքում ընդհանուր վիրավորների թիվը 121 է եղել: 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 10-ը` ծանր հիվանդներ են: Մնացածները թեթև բեկորային վնասվածքներ են ստացել, կապաք ինվեն առաջիկայում: Քիչ առաջ պաշտպանության բանակից նորից վիրավոր ընդունեցինք»,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Կամավոր Խաչատրյանը: Նրա տեղեկացմամբ` ՀՀ ՊՆ Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այս պահին բուժում է անցնում 32 վիրավոր:

«Բոլորը խնդրում են վերադառնալ իրենց ծառայության վայրեր, նշում են, որ պարտավոր են վերադառնալ ծառայության»,-շեշտեց նա:

ՀՀ ՊՆ բուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի խոսքով` բժշկական ծառայություններն առաջին իսկ օրվանից լիարժեք աշխատանք են տարել: «Բժշկների խիզախությունն անգնահատելի է: Ունեցել ենք հոսպիտալային օղակում մահվան մեկ դեպք: Դա ցավալի է, բայց միայն մեկ դեպքի արձանագրումը գերազանց աշխատանքի արդյունք է: Դեպքը տեղի է ունեցել Մարտակերտի հոսպիտալում»,-հավելեց նա` ընդգծելով, որ նախօրեին, երբ բժիշկներն իրենց աշխատանքն էին իրականացնում, հակառակորդը խոցել է բժշկական մեքենան:

«Միջազգային կոնվենցիայով արգելված է Կարմիր խաչով մեքենայի վրա կրակել, մարդկային զոհ չենք ունեցել, միջին բուժանձնակազմի որոշ անդամներ վիրավորումներ են ստացել»,-շեշտեց Կամավոր Խաչատրյանը:

Նա նաև հատուկ ընդգծեց, որ այս ընթացքում լուրջ համագործակցություն է եղել առողջապահության նախարարության հետ: «Ծառայության կազմակերպման ընթացքում, լինելով վստահ մեր ուժերին, մեր ռեզերվները չենք օգտագործել »,-ընդգծեց նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20