Բարբարոսություն, կամ ծառերի վանդալիզմ մայրաքաղաքի «Ղարաբաղցի կինը» քանդակի մոտ

- in Հասարակություն

Վերջին օրերին նման բառակապակցություններ հաճախ են հնչում մեր շուրթերից ու ցավալի է, որ դրանք դարձել են մեր լեքսիկայի բաղկացացուցիչ մասը:

Այս օրերին, երբ համայն հայությունը ինքնակազմակերպված զանգվածային հայրենասիրության, նվիրումի ու զոհաբերման, ինքնաբուխ ու հուզիչ օրինակներ դրսևորեց նաև թիկունքում (ինչը բազմակողմանի ու հատուկ ուսումնասիրությունների նյութ է), մայրաքաղաքի «Կենտրոն» թաղապետարանի դիմաց՝ Դավիթ Երևանցու 1988 թ. կերտած «Ղարաբաղցի կինը» բրոնզաձույլ քանդակի հարևանությամբ, «Կարապի լիճ» սրճարանի տարածքում, էտի անվան տակ, մի քանի ծառ են «գլխատվել»: Ապրիլի 11-ին նկատելով կատարված բարբարոսությունը, լուսանկարեցի: Այս հոդվածն էի պատրաստում… ենթադրում էի, որ նման ձևով ուզում են ծառերը չորացնել, ապա փաստացի հիմք ունենալուց հետո, հաջորդ տարի սանիտարական հատում կատարել …Այդպիսի օրինակները շատ են: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ. հաջորդ օրը ծառերից մեկն այլևս չկար: Շատ էին շտապում: Այդ մի քանի քառակուսի մետրը օդի պես անհրաժեշտ էր ծառի տեղն ազատել՝ կտրեցին քոքից, գետնին հավասար. իբր այդտեղ ծառ չի եղել:

2011-ից սկսած՝ այդ ծառ երրորդ անգամ էին «նպատակային էտում»: Եղավ՝ վերջինը: Հատված ծառը սև թթենու հազվագյուտ տեսակ էր: Պտուղները շատ խոշոր էին, մինչև սեպտեմբեր ծառի վրա թութ էր լինում: Հասունանալուց հետո չէին թափվում: Միայն մկրատով կտրելով էր հնարավոր դրանք հավաքել: Այդպիսի թթենիները տարածված են Պարսկաստանում և դրանց անվանում են՝ «Արքայական»: Թե ով և երբ էր այդ ծառը տնկել, գուցե, իմանանք այս հրապարակումից հետո, այդ մասին տեղյակ թերթի ընթերցողների արձագանքից:

Ծառը հատողներին անընդհատ նոր տարածքներ են պետք, նրանք երբեք չեն բավարարվում եղածով: Մարդկային այդ տեսակի ագահությունը սահման չունի: Անընդհատ զավթել են ուզում: Սրանց բոլորի աչքը մայրաքաղաքի կենտրոնն է: Յուրաքանչյուր թիզ հողի համար իրար կոկորդ են կրծում: Դե որ այդքան շատ տարածապաշտ են, թող գնան ազատագրված շրջանները կառուցապատեն ու շենացնեն…Մեր հերոս տղաները իրենց կյանքի գնով դրանք ազատագրեցին:

Ինչու՞ որոշ մարդկանց այդքան շատ իրավուքներ է դրվում: Նրանք այդքան մեծ ծառայություններ մատուցե՞լ են մեր երկրին կամ ընդհանրապես՝ բնությանը: Օրեր առաջ տեսանք ովքեր են մեր երկրի ու ժողովրդի անմնացորդ նվիրյալները:

Տարիներ առաջ նույնաբնույթ մի հոդվածում առաջարկել էի համարակալել մայրաքաղաքի ծառերը՝քարտեզագրել և յուրաքանչյուր ծառի համար քարտ բացել՝ փաստաթղթավորել (Ա. Խանջյան «Ծառազրկում՝ էտում թե փայտաքաղ», «Ազգ» 28 մայիսի 2002 թ.): Վերջին տարիներին ծառերի համարակալման փորձեր նկատվում են: Սակայն, դրանք առայժմ ձևական բնույթ են կրում… Սոված գայլը հաշված գառներից էլ է տանում: Բազմաթիվ են նման խորամանկ ձևով կատարվող ապօրենի ծառահատումները: Ծառը միտումնավոր կոպտորեն էտելով, կամ բնի մի մասը կեղևահան անելով չորացնում են, ապա հաջորդ գարնանը՝ հատում: Այս օրերին, քաղաքում շրջելով, նման բազմաթիվ օրինակներ կտեսնենք:

Քանի դեռ օրենքն ու բարոյականությունը համերաշխորեն խաչվում են և ապօրինությունները արժանի գնահատական չեն ստանում, դեռ ավելին՝ դրանք որոշ մարդկանց համար դառնում են վարքագծի ու կենսակերպի նորմա՝ քաղաքակիրթ պետություն կառուցելու հեռանկարը մնում է մշուշապատ:

Հարգելի չինովնիկները, փոքր ու մեծ գործարարները, Ձեր գործելակերպով եղե՛ք համապատասխան (արժանի) մեր ժողովրդին, ով մի քանի օր առաջ, կրկին ցուցաբերեց ինքնակազմակերպված հայրենապաշտության, անձնուրաց նվիրումի ու միասնության բացառիկ օրինակներ, ինչի համար որոշ օտարերկրացիներ դեռ շարունակում են ակնածանքի ու հիացմունքի խոսքեր շռայլել Համայն հայության հասցեին:

Արտուշ Խանջյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20