Բաքուն ապարդյուն փորձեր է կատարում՝ խեղաթյուրելու իրականությունը

- in Պաշտոնական

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը այսօր հերթական ցինիկ հայտարարությունն է տարածել, որտեղ, ակնհայտ փաստերը գլխիվայր շուռ տալով, փորձում է ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի դեմ իր կողմից սանձազերծված ռազմական գործողությունների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա, ինչի նպատակն է խուսափել գործած ռազմական հանցագործությունների համար պատասխանատվությունից։

Առաջին անգամ չէ, որ Բաքուն ապարդյուն փորձեր է կատարում՝ խեղաթյուրելու ակնհայտ իրականությունը։ Մեր միջազգային գործընկերները ևս շփումների ընթացքում փաստում են, որ, անկասկած, հենց Ադրբեջանն է իրականացրել լայանածավալ հարձակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել, կատարվել են ռազմական հանցագործություններ։

Հայաստանը խստորեն դատապարտում է 1994թ. մայիսին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև զինադադարի մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը կասկածի տակ դնելու Ադրբեջանի ապարդյուն փորձերը, ինչը վտանգավոր քայլ է և սպառնում է առավել ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ագրեսիվ ռազմական գործողությունների սանձազերծումը ոչ թե հանգեցնում է զինադադարի համաձայնագրի գործողության դադարեցմանը, այլ բերում է համաձայնագիրը խախտող կողմի պատասխանատվությանը։

Այս ամենը ցույց է տալիս, որ, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցությունները շարունակելու միջազգային հանրության բոլոր կոչերին, Բաքվի իրական նպատակն է խափանել կարգավորման գործընթացը։ Սրա մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանի արտգործնախարարության երկարաշունչ հայտարարության մեջ գեթ մեկ անգամ հղում չկա ոչ միայն Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարություններին, այլև ընդհանրապես բացակայում է որևէ հիշատակում միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ Մինսկի խմբի համանախագահության մասին։

Ադրբեջանը փորձում է բանակցությունները ներկայացնել որպես միայն Բաքվին հետաքրքրող հարցերի քննարկման շուրջ մի ինչ-որ գործընթաց։

Ակնհայտ է, որ Բաքվին սթափեցնելու համար այլևս բավարար չեն կոչերն ու հորդորները, հարկավոր են հստակ քայլեր՝ Ադրբեջանին կարգի հրավիրելու և կառուցողական դաշտ բերելու նպատակով։

Արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում Արցախն առաջնորդվում է ոչ թե ԶԼՄ-ների հրապարակումներով, այլ բացառապես պաշտոնական հայտարարություններով։ Այդ մասին ապրիլի 21-ին ԼՂՀ ԱԺ լիագումար նիստում կայացած՝ օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը պատասխանելով ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ, պատգամավոր Արթուր Թովմասյանի հարցին՝ ռուսական «Իզվեստիա» թերթի հրապարակմամբ շրջանառվող այն տեղեկատվության վերաբերյալ, որ գոյություն ունի հակամարտության կարգավորման «Պուտինի» կամ «Լավրովի» փաստաթուղթ:

«Մեր քաղաքականությունն իրականացնելիս մենք չենք առաջնորդվում մամուլի հրապարակումներով: Կոչ կանեի որպեսզի բոլորն էլ որպես հիմք ընդունեին միայն պաշտոնական հայտարարությունները»,- ընդգծել է ԼՂՀ արտգործնախարարը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20