Բողոքի երթ դեպի Երևանում ՌԴ դեսպանատուն՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի

- in Հասարակություն
Arm Rus

Ապրիլի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հանրապետության հրապարակից բողոքի երթ կմեկնարկի ի պաշտպանություն հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի երթը դեպի ԱԳՆ, ապա՝ ՌԴ դեսպանատուն:

Մոսկվայի դատարանն օրերս հայազգի բարերար Լևոն Հայրապետյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման։ Գործարարը մոտ մեկ տարի անցկացրել է քննչական մեկուսարանում, ապա տնային կալանքի պայմաններում։ Նրա փաստաբաններն այն ժամանակ պահանջել են փոխել խափանման միջոցը՝ ներկայացնելով պաշտպանյալի ծանր առողջական վիճակի մասին վկայող փաստաթղթեր։ Հայրապետյանը հերքում է մեղադրանքը։ Նա երկրորդ կարգի հաշմանդամ է, չորս ինֆարկտ և երկու ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում:

«Այս օրերին, երբ Արցախը առավել քան կարիքն ունի իր բարերարի, դժբախտ պատահականությամբ նա կալանավորվում է: ԱՄբղջ հայ ժողովուրդը պահանջում է ամեն կերպ ազատ արձակել բարերարին:

Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պահանջում ենք արտաքին գերատեսչությունից անհապաղ կապ հաստատել իրենց ՌԴ գործընկերների հետ և ամեն խողովակով փորձել հասնել Լևոն Հայրապետյանի ազատ արձակմանը: ՌԴ իշխանություններից էլ պահանջում ենք դրսևորել առավելագույն օբյեկտիվություն և մարդասիրություն, վերանայել կալանքի պայմանները, հաշվի առնել հանրային արձագանքները և օբյեկտիվ վերաքննությամբ ազատ արձակել Լևոն Հայրապետյանին կամ էապես մեղմել սահմանված պատիժը»,- ասվում է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:

Ապրիլի սկզբից սա արդեն երրորդ նմանատիպ ակցիան կլինի ՌԴ դեսպանատան մոտ: Բողոքի ցույցերից մեկի ժամանակ դեսպանատան ուղղությամբ ձվեր և մետաղադրամներ են նետվել` այդպես են ակցիայի մասնակիցներն իրենց վրդովմունքը հայտնել Ադրբեջանի ռուսական արտադրության հարձակողական զենքի վաճառքի փաստով:

Ասվում է նաև, որ Լևոն Հայրապետյանի պատժի տեսակի փոփոխման հարցով Վլադիմիր Պուտինինուղղված նամակի տակ արդեն 15000 մարդ է ստորագրել:

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ պարոն Պուտին, մեզ չեն դադարում անհանգստացնել գործարար, մեծ բարերար Լևոն Հայրապետյանի շուրջ զարգացող իրադարձությունները: Այս ծայրահեղ հիվանդ մարդը երկրորդ կարգի հաշմանդամ է, տարել է 4 կաթված, 2 ինֆարկտ, տառապում է օնկոլոգիական և ուրոլոգիական հիվանդություններով:

Հայրապետյանը մեծ արժանիքներ ունի ռուսական պետության առջև: Լինելով ակտիվ քաղաքացի` նա ամեն կերպ սատարել է զարգացման զանազան ծրագրերի: Ահռելի է Հայրապետյանի դերը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման հարցում, նա հարյուրավոր սոցիալական և բարեգործական ծրագրերի նախաձեռնողն է: Ավելորդ չենք համարում նշել, որ իր հայրենիքում՝ Հայաստանում, Հայրապետյանն իբրև հերոս է ընկալվում»:

«Ապրիլի 14-ին նա դատապարտվեց չափազանց կասկածելի մեղադրանքով՝ լի տասնյակ իրարամերժություններով: Նրա գործով տուժողը բազմաթիվ սպանությունների գործով ցմահ դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևն է, ինչն ինքնին նոնսենս է՝ դատել մարդուն ցմահ դատապարտված մարդասպանի դիմումի հիման վրա: Այս հանգամանքն, ինչպես նաև մեղադրանքում առկա բազմաթիվ հակասությունները, լուրջ կասկածներ են հարուցում այս գործի պատվիրված բնույթի առնչությամբ:

Ինչևէ, Լևոն Հայրապետյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Նրա հանդեպ չկիրառվեց անգամ պայմանական պատիժ կրելու ձևաչափը՝ հաշվի առնելով օրեցօր վատթարացող առողջական վիճակը: Հայրապետյանին անհրաժեշտ է ամենօրյա բժշկական հսկողություն. նման առողջությամբ բանտում նա պարզապես կենդանի չի մնա: Այժմ Հայրապետյանը ծայրահեղ ծանր վիճակում է: Խնդրում ենք Ձեր աջակցությունը Լևոն Հայրապետյանի պատժի տեսակի փոփոխման հարցում»,-ասվում է նամակում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20