Բոստոնում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հակասական վահանակը հանվել է

Boston

Բոստոնի Նորթ Էնդ արվարձանում օրերս հայտնվել էր Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հակասական վահանակ, որը, սակայն, երեքշաբթի հեռացվել է։ «Վահանակն այնտեղ էր տեղադրվել սխալմամբ»,- ասել է վահանակի սեփականատերը հանդիսացող Clear Channel Outdoor-ի խոսնակ Ջեյսոն Քինգը։

Ընկերությունն անմիջապես չի պատասխանել Boston Globe-ի՝ վահանակը հեռացնելու որոշման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկությունների մասին խնդրանքին։

Սալեմ և Քրոս փողոցների հատման հետում տեղադրված վահանակին պատկերված էր 3 ձեռք. թուրքական դրոշով ձեռքը մատներով ցույց էր տալիս խաղաղության նշան, իսկ դրա ձախ և աջ կողմերում ռուսական և հայկական դրոշներով ձեռքեր էին՝ խաչված մատներով։ Պաստառի վերևում գրված է եղել «Ճշմարտություն=Խաղաղություն» կարգախոսը։

Վահանակը տեղադրվել էր Հայկական ժառանգության այգու մոտ, և դրա բովանդակությունը զայրացրել էր հայ համայնքի ներկայացուցիչներին, ներառյալ Լորի Յոգուրտյանին, որը Սաֆոլկի համալսարանի հայ ուսանողների ասոցացիայի հիմնադիր է։

«Դա միանգամայն միակողմանի է, լիովին հավերժացնում է ժխտումը մի բանի, որը բազմիցս ապացուցվել է որպես փաստ»,- ասել է նա պարբերականի հետ զրույցում։

Վահանակի տեղադրումը զայրացրել էր նաև Հայկական ժառանգության հիմնադրամի նախագահ Ջեյմս Գալուստյանին, որը դատապարտելի է համարել ֆինանսավորվող նման արշավները։

Կիրակի այգին կծառայի որպես քաղաքում Հայոց Ցեղասպանության դեմ երրորդ ամենամյա երթի վերջնագիծ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20