Գաղտնիքներ, այնուամենայնիվ, եղել են, գուցե ժամանակն է ՊՆ և ԱԳՆ միավորելո՞ւ

- in Կարծիք
Aleksandr Arzumanyan

Խորհրդարանում փակ հանդիպման ռեժիմով ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն ու ՀՀ արտգործփոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայցրել են ղարաբաղա – ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն ու արդյունքները: ՀՀ էքս արտգործնախարար, ԱԺ պատգամավոր, ՀՀՇ-ական Ալեքսանդր Արզումանյանն այսօր լրագրողների հետ զրույցում մասնավորեց, որ Դավիթ Տոնոյանը բավական հանգամանալից ներկայացրել է իրավիճակն ու արդյունքները, ինչը չի կարելի ասել Շավաշ Քոչարյանի մասին:

Ինչ վերաբերում է երաշխիքներին, ապա ըստ Ալեքսանդր Արզումանյանի, դա մեր զինվորների մարտական պատրաստվածությունն է. Ադրբեջանական ագրեսիան ստացավ իրեն արժանի պատասխանը և ղարաբաղյան զինված ուժերն արժանապատվորեն կատարեցին իրենց առջև դրված պարտավորությունները և ի վիճակի է լուծել ցանկացած խնդիր, որ իրենց առջև կդնեն Արցախի քաղաքական ղեկավարությունները:

ՄԻՏՔ.am-ի հարցին, թե կա՞ր որևէ ինֆորմացիա, տվյալ, որն այնուամենայնիվ հայտնի չէ հանրությանը, Ալեքսանդր Արզումնայանը հայտնեց, որ եթե դա գաղտնիք է, ապա պետք է շարունակի մնալ ոչ հայտնի:

Ալեքսանդր Արզումանյանը ՀՀ արտգործնախարարության աշխատանքային ոճ չի տեսնում՝ հատկապես վերջին տարիներին: Նա կցանկանար, որ ՀՀ արտգործնախարարությունն առավել ակտիվ լիներ այս օրերին, ստեղծեր մամուլի սրահ, հավատարմագրեր միջազգային լրատվամիջոցներին, տրոնսպորտով ապահովեր, նրանց հասցներ առավել կարևոր և թեժ տեղերը և համակողմանի ինֆորմացիա տրամադրեր, դրանք թարգմաներ տասնյակ լեզուներով, տարածեր աշխարհով մեկ: Սա, ըստ զրուցակցի, ընդունված պրակտիկա է:

Փոխարենը՝ դա հրաշալի անում էր ՀՀ պաշտպանության նախարարությունն՝ ի դեմս մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի: Ավելին՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն է դիվանագետներին հրավիրում պարզաբանումների, ստորագրում համաձայնագրեր, ուստի ըստ Ալ. Արզումանյանի, գուցե ժամանակն է այդ երկու գերատեսչությունները միավորելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20